տուն Աշխարհ Արա Վարդգես Դարզի բաց նամակը՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ

Արա Վարդգես Դարզի բաց նամակը՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ

300
0

Աշխարհի առաջատար վիրաբույժներից, Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Վարդգես Դարզիի բաց նամակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ:

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի առաջին հայ, Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչ, աշխարհի առաջատար վիրաբույժներից պրոֆեսոր Արա Վարդգես Դարզին բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունը: Դարզին, միևնույն ժամանակ, բարկացած է, որ նույնը չի տեսնում նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

«Որպես բրիտանական խորհրդարանի առաջին հայը՝ ես ուրախ եմ անցյալ շաբաթ՝ երեքշաբթի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից կայացված քվեարկությունից` ճանաչելու մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը (հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը):

Բայց ես հիասթափված եմ բրիտանական կառավարությունից, որը հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության բռնության ալիքի հետևանքով իրագործված մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հավաքական լռությունը վկայակոչեց Հիտլերը, երբ նա ծրագրում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը:

Դա իմ և իմ հայրենակիցների համար ուժեղ ցավի և ափսոսանքի աղբյուր է, որ մեր սեփական կառավարությունը համառորեն շարունակում է ժխտել ցեղասպանությունը՝ վախենալով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային վիրավորելուց: Աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես այդ կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն. նրանց թվում են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը և Եվրախորհրդարանը: Այժմ նրանց է միացել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:

Իմ նախապապը և նրա որդիները 1915 թ. մահապատժի են ենթարկվել օսմանյան կառավարական ուժերի կողմից: Նրա դուստրը՝ իմ տատը, այն ժամանակ դեռահաս էր, միայնակ փախել է՝ ձևացնելով, թե մեռած է: Նա մոր հետ ոտքով Էրզրումից, որտեղ իր ընտանիքն է ապրել, հասել է Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաք: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ մենք ապրել ենք որպես փախստականներ:

Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից անպատասխանատվություն է Հայոց ցեղասպանության ժխտումը շարունակելը: Ցեղասպանությունը գլոբալ խնդիր է: Մենք դա տեսել ենք Ռուանդայում և Դարֆուրում և այն, ինչ «Իսլամական պետության» կողմից իրագործվեց քրիստոնեական համայնքների նկատմամբ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևում ասվում է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս իրեն չի նույնականացնելու «Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ: Մեր սեփական պառլամենտը պետք է անի նույնը»,- գրել է պրոֆեսոր Արա Դարզին իր նամակում: