Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
Հետխորհրդային Հայաստանում կառուցվում է առաջին ջրամբարը և այն կենսական նշանակություն է ունենալու Արարատյան դաշտի ավազանի հողատարածքների համար։
Վեդիի ջրամբարում շինաշխատանքները վերսկսվել են՝ ապահովելով աշխատակիցների առողջության համար անվնաս պայմաններ։ Այս պահին ընթանում են պատվարի կավադրման աշխատանքները,ինչին հետևեցինք շինհրապարակում։ Շրջայցի ընթացքում ծանոթացանք նաև օժանդակ կառույցների գործառութային նշանակությանը և համալիրի գեոտեխնիկական լաբորատորիայի գործունեությանը։
Վեդի և Խոսրով գետերի ազատ ջուրը ամբարող ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմամբ ոռոգելի հողատարածքները կավելանան 300հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կնվազի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը, կբարձրացվի մշակաբույսերի բերքատվությունը, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0մլն կվտ/ժամ։