«Մանչեսթեր Յունայթեդի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծում է, որ «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել անգլիական ակումբ և հանդես գալ թիմի մեկնարկային կազմում։ Այս մասին Կանչելսկիսն ասել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում։
«Կարծում եմ, որ Օզբիլիսի մոտ ամեն ինչ կստացվի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այժմ թիմին հարկավոր է կիսապաշտպան, որն ունակ է խաղալ ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրում, որը կարող է սրել խաղը, գոլ խփել և գոլային փոխանցում կատարել։ «Կուբանում» Արասը հիանալի էր խաղում, իսկ «Սպարտակում» այն չէ։ Չի բացառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նա կվերագտնի իր խաղը։
Այո, անգլիական ակումբում շատ են Օզբիլիսի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստները, սակայն ամռանը շատերը կարող են հեռանալ թիմից, ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Արասի համար Անգլիայում հեշտ կլինի հարմարվել. նա լավ է տիրապետում լեզվին, երկար տարիներ բնակվել է Եվրոպայում և ծանոթ է արևմտյան կյանքի ու աշխատանքի առանձնահատկություններին։ Բացի այդ,«Մանչեսթեր Յունայթեդի» պես մեծ ակումբներում Օզբիլիսի վրա ճնշում չի գործադրվի, քանի որ այնտեղ բոլորը կփորձեն օգնել նրան», — ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի «Սպարտակ» — «Կռիլյա Սովետով» հանդիպմանը ներկա են գտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները, որոնք հետևել են հայազգի ֆուտբոլիստի խաղին։