տուն Հասարակություն Կրթություն Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

505
0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների հարգելի  ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարին նշանակալի էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համար: 2019 թվականին իրականացվեց պետական կառավարման համակարգի շրջադարձային փոփոխություն՝ միավորվեցին ՀՀ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները: Այս միավորումը պարտավորեցնող է յուրաքանչյուրիս համար: Այն պահանջում է աշխատանքին մոտենալ ավելի մեծ պատասխանատվությամբ, լինել առավել զգոն, բարեխիղճ և հետևողական՝ ի շահ նոր Հայաստանի պետական ինստիտուտների կայացման:

Երկիրը նորովի կառուցելու, ժողովրդավարական նոր արժեհամակարգ ձևավորելու գործում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դերն անչափ կարևոր է: Մեր ամենօրյա նպատակաուղղված աշխատանքի արդյունքում է ձևավորվելու մտածող, վերլուծող, մասնագիտական բարձր կարողություններով օժտված ապագա քաղաքացին, որն ապահովելու է ազգային ինքնության և առողջ դատողության վրա հիմնված հանրային մշակույթ։

Համոզված եմ, որ 2020 թվականը բոլորիս ջանքերով կլինի շրջադարձային տարի: Համախմբված և բարեխիղճ աշխատանքով կկարողանանք լուծել ոլորտի հանգուցային խնդիրները, հաջողությամբ կիրականացնենք բարեփոխումների լայնածավալ ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրված է:

Հաջողության հասնելու գրավականը բոլորիս քաղաքացիական բարձր գիտակցությունն է: Լինենք  լավատես, հաստատակամ՝ հանուն մեր պետության առաջընթացի, մեր ընտանիքների և քաղաքացիների բարօրության: