ՀՅԴ երիտասարդական միությունը պահանջում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մինչեւ նոյեմբերի 7-ի կառավարության հերթական նիստը հրաժարականի դիմում ներկայացնի:
Որպես հիմք մատնանշվում է դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը, նաեւ բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները, մասնավորապես՝ ծանրամարտիկ, սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը։ Նախարարի շուրջ կրքերն էլ ավելի շիկացան, երբ նա հայտարարեց, որ իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու․
«Սատանիզմի հիմքով համերգների չեղարկում այլեւս չի լինելու Հայաստանում, մտացածին հիմքերով ինչ-որ բաների չեղարկում չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետեւ անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է»։ Ազատ եւ չգրաքննվող արվեստի մասին նախարարի պատկերացումները քաղաքացիների եւ անգամ մտավորականության որոշ շերտի մոտ վախեր առաջացրին։ Ի պատասխան դրան՝ Հարությունյանը նախօրեին հորդորեց արվեստագետներին արտահայտվել՝ նշելով, որ «երբ արվեստագետները խոսեն, աղմուկը կվերանա»։
Բանաստեղծ, թարգմանիչ, 1991-96 թվականներին ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը hraparak.am-ի հետ զրույցում արձագանքեց նախարարի հրաժարականի պահանջին․ «Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները ղալաթ են անում, թող գնան մտածեն իրենց կաշառակեր կառավարությունների, նախարարների մասին, որոնք ամբողջ համակարգը քաղաքականացրին, այլասերեցին եւ մեր սերունդներին դարձրին կիսագրագետ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: