ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև իր հրաժարականը պահանջող ուսանողների և դասախոսների ցույցերին:
«Կլինեն խմբեր, որոնք կունենան տարբեր պահանջներ: Մենք պատրաստ ենք հանդիպել նրանց հետ, լսել նրանց պահանջները, բացատրել մեր մոտեցումները: Բայց որքան հասկացա, այդ խմբերի ոչ բոլոր հատվածն է հակված որևէ պահանջ ձևակերպել, պարզապես քաղաքական ակցիաներ են անում»,- նշեց նախարարը:
Դիտարկմանը, թե որ դեպքում ինքը հրաժարական կտա, Արայիկ Հարությունյանն ասաց, որ նման քայլի կգնա, եթե հասկանա, որ իր լիազորությունները բավարար չափով չի կատարում: «Կարծում եմ, հիմա այդ դեպքը չէ»,- շեշտեց ԿԳՄՍ նախարարը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մի խումբ ուսանողներ երեկվանից դասադուլ են անում՝ ի նշան ԿԳՄՍ նախարարի նախաձեռնության դեմ բողոքի, ըստ որի՝ բուհական ծրագրերից առաջարկվում է հանել «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները: