Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում կայացավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի` պաշտոնը ստանձնելու երդմնակալության արարողությունը։
«Երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային անվտանգությունն ու ամբողջականությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»,–ասաց Հարությունյանը` ձեռքը դնելով 17-րդ դարի Ավետարանի ու Սահմանադրության վրա։
Նշենք, որ Շուշիում կայացած արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Երկրորդ փուլում նրա հետ մրցակցում էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Իսկ առաջին փուլի քվեարկությունը կայացել էր մարտի 31-ին։