Այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին:
Նա հերքեց տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ։ Հարությունյանը նշեց, որ կատարվող գործընթացներն իր համար նորմալ են, բայց ժամանակը ցույց կտա, որ իրենք ճիշտ քաղաքականություն են վարում կրթության և մշակույթի զարգացման համար։
Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ նա նշեց, որ դա դրամաշնորհային ծրագիր է․ «Դա դրամաշնորհային ծրագիր է եղել։ Ծրագիրը եղել է 1920-ականների գործերի ընթերցանություն Հանրապետության հրապարակում։ Արդյունքների մասին կխոսենք էն ժամանակ, երբ որ նրանք, կարգի համաձայն, կներկայացնեն իրենց ֆինանսական և բովանդակային արդյունքները»։
Նախարարը նշեց, որ տարեկան մոտ 900 միլիոն դրամի դրամաշնորհային ծրագրերի են գումար հատկացնում, և այս նախագծին չնչին տոկոս է հատկացվել։
Հարությունյանը նաև շեշտեց, որ այս թեմայի վերաբերյալ քննարկումների հարցում մարդիկ հասել են ծայրահեղությունների՝ հավելելով, որ երբ խոսեն արվեստագետները, մյուսները կլռեն։