Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի երգը բուռն արձագանք ստացավ սոցցանցերում․ շատերը գոհ էին երգից, շատերը քննադատեցին, թե կրկներգ չունի, չի զգացվում՝ որտեղ է սկսվում, երտեղ է վերջանում երգը և այլն։
Այս կապակցությամբ Hraparak.am-ը զրուցեց ռադիոհաղորդավար Լուսինե Բադալյանի հետ, ով ասաց, որ իդեալական երգ է ու առաջին անգամ է, որ ինքն անձամբ շատ գոհ է այն երգից, որը գնում է Եվրատեսիլ։
«Դա երգ է, որը վստահ եմ՝ Եվրոպան շատ է սիրելու՝ անկախ նրանից, թե որ հորիզոնական կզբաղեցնի, չնայած՝ վստահ եմ, որ բարձր հորիզոնական է զբաղեցնելու և շատ երկար մնալու է ընդհանուր երաժշտական աշխարհում»,-ասաց Լուսինեն։
Իսկ թե հատկապես ինչո՞վ է երգը իդեալական, Լ․ Բադալայնն ասաց, որ հատկապես իր ժամանակակից, յուրահատուկ ոճով, և նշեց, որ ինքը միշտ դեմ է եղել դհոլ-զուռնա տարբերակով երգերին․ «Էն որ ինչքան էլ ժամանակակից լինի, բայց մեր ազգայինը անպայման պիտի լինի․ դա ազգային մշակույթի մրցույթ չի, դա եվրոպական երգի մրցույթ է, որից պրոդյուսերներն ընտրում են իրենց համար ապրանք, արտադրանք, որը հետո կկարողանան վաճառել»։
Անդրադառնալով քննադատություններին՝ Լուսինեն ասաց, որ չնայած նրան, որ քննադատում են, թե կրկներգ չունի, բայց, ըստ նրա, երգը հենց դրանով է յուրահատուկ, որով էլ կառանձնանա մյուս երգերից։
«Բացի այդ, երգի երաժշտական ձևավորումն է շատ ազդեցիկ, ճիշտ է՝ իմ կարծիքով էնտեղ Զեմֆիռայի վերջին ստեղծագործության երաժշտական ձևավորումից է ինչ-որ բաներ վերցրած, բայց դա շատ լավ է մատուցված, և հետո շատ զգացմունքային երգվում է։ Հիմա ժամանակից շուտ քննարկել՝ լավ է, վատ է․․․ ճտերն աշնանն են հաշվում»։
Մեր դիտարկմանը, թե Գոռ Սուջյանի դեպքում էլ էին շատ բարձր գնահատական տալիս երգին ու կատարողին, բայց անգամ եզրափակիչ փուլ չանցավ, Լուսինեն նկատեց, որ Գոռի դեպքում ինքը ասել է, որ այդ երգը մրցունակ երգ չէր և առանձնապես ուշադրություն չէր գրավելու։ Նա նաև նշեց, որ Եվրատեսիլը երգի մրցույթ է, այլ ոչ թե երգչի, այդքան կարևոր չէ արտիստը, որքան երգը։
Մանրամասները hraparak.am — ում: