Արդեն տեղեկացրել ենք, որ Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում արտագնա խաղում առավելության է հասել «Զենիթի» նկատմամբ՝ 4։2 հաշվով։ Խաղից հետո թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է այս արդյունքը։ Այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խփել է իր թիմի առաջին գոլը։
«Այսօրվա հաղթանակն առաջին քայլն է դեպի քառորդ եզրափակիչ։ «Պետրովսկի» մարզադաշտում մենք գերազանցեցինք «Զենիթին» խաղի գրեթե բոլոր բաղադրիչներում, սակայն առջևում պատասխան հանդիպումն է, որին պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերել», — ասել է Մխիթարյանը՝ կարծիք հայտնելով, որ արագ գոլերը չէին որոշիչ գործոնն այս խաղում։