տուն Հասարակություն «Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրու օր

«Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրու օր

172
0

Հայաստանում հոկտեմբերի 14-ից 21-ը կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրու օր: Այդ օրը  կանցկացվեն լայնամասշտաբ միջոցառումներ բարեկամության, երախտագիտության և մարդասիրության խորհրդի ներքո:

Գյումրիում հանրային միջոցառումները կմեկնարկեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրու մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության եւ երախտագիտության խորհուրդների կարեւորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց դպրոցականները «Тhank you, world» բառերով Գյումրու Վարդանանց հրապարակից իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ եւս մեկ անգամ կարեւորելով երախտագիտության խորհուրդը:

Այնուհետ, «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրու«Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նշենք, որ այս  այգու վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրու զարգացման ծրագրի շրջանակում:  

Գյումրիում հանրային միջոցառումները նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, կամփոփվեն D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա համերգով, բեմում կլինեն նաեւ Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը եւ TmbaTa նվագախումբը:

Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D’Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները:  D’Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից:

Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված կլինեն պատվավոր հյուրեր եւ միջազգային հանրության ներկայացուցիչներ:

«Ավրորա» ֆորումի շրջանակներում Երեւանից եւ Գյումրիից զատ, միջոցառումներ կանցկացվեն նաեւ Դիլիջանում, Տաթևում, Շուշիում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here