Այսօր Անալիտիկ կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ, մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ներկայացրեցին իրենց պատկերացումները 2008թ. մարտի 1-ին կատարված սպանությունների բացահայտման հարցի շուրջ:
Խաչիկ Ավետիսյանն ասաց. «Մարտի 1-ի գործով չեն պատժվել հանցագործները, և կուսակցությունները կարող էին այդ հարցը բացահայտելու խստագույն պահանջ դնել, սակայն փոխարենը չարախնդում էին, որ իշխանությունն արյունով խեղդեց ՀԱԿ-ի ըմբոստությունը` առանց հաշվի առնելու, որ նույնն իրենց հետ կարող է պատահել:Միայն ժողովուրդը կարող է գնալ փոփոխությունների ճանապարհով` իր ձեռքը վերցնելով իշխանությունը»:
Սուրեն Սարգսյանն էլ շարունակելով ընկերոջ խոսքն ասաց. «Ինչպես Սերժ Սարգսյանի հոգևոր հայր Լենինն էր ասում, եթե ուզում ես մի գործ ջրես, հանձնաժողով ստեղծի:Այնուհետև շարունակելով ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու ապօրինի իշխանությունները պետք է պատասխան տան իրենց գործած հանցանքների համար: Նրանք պետք է վայր դնեն իրենց պաշտոնները, այդ ժամանակ ժողովուրդը կորոշի, թե որքան մեղմ պետք է պատժի իրենց»:
Լրագրողները Սուրեն Սարգսյանին հարցրեցին, թե ծանո՞թ է արդյոք գեներալ Վարդան Ավետիսյանի հայտարարությանը, որով նա ասում է, որ Սուրեն Սարգսյանն ազատամարտիկ չէ: Ի պատասխան հարցի, Խաչիկ Ավետիսյանը նախ ասաց, որ Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղան է, և դրանով ամեն բան ասված է: Այնուհետև պատմեց մի քանի միջադեպեր պատերազմին Սուրեն Սարգսյանի մասնակցության վերաբերյալ:
Ըստ ազատամարտիկների, իրենք մարտի 1-ին, 13.00 ին հավաքվելու են Սարյանի արձանի մոտ, այնտեղից շարժվելու 15.00 տեղի ունենալիք միացյալ հանրահավաքին:
Որպես վերջաբան Սուրեն Սարգսյանը մի հետաքրքիր պատմություն պատմեց Սերժ Սարգսյանի մասին: «1991-ին զոհվեց Արցախ գնդի մարտիկներից մեկը, դիակը տեղափոխում էինք Երևան: Ուղղաթիռը իջավ Ստեփանակերտում, որպեսզի այլ դիակներ էլ վերցնի: Ստեփանակերտից մի խումբ մարդիկ կախվել էին ուղղաթիռից ու ցանկանում էին դրանով Երևան փախչել: Արցախ գնդի հրամանատար, երջանկահիշատակ Միշա Ապրեսյանն ու փոխհրամանատար Ռոլանդը հրում էին մարդկանց այն կողմˋ որպեսզի ուղղաթիռն օդ բարձրանա ու դիակները տեղ հասցնի: Երբ բոլորն այն կողմ էին քաշվել, մի հաստ ակնոցներով երիտասարդ ամուր բռնվել էր ուղղաթիռից ու պոկ չէր գալիս, Միշա Ապրեսյանը ստիպված ավտոմատի կոթով հարվածեց նրա դեմքին: Երբ երիտասարդն ընկավ, մարդիկ մտածում էին թե մեռել է: Չմեռավ: Այդ երիտասարդը Սերժ Սարգսյանն էր: