Ժամեր առաջ Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոտը հայտարարել է, որ Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, որոնք կարող են պատկանել Malaysia Airlines ավիաընկերության՝ մարտի 8-ին անհետացած ինքնաթիռին։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Ներկայում այդ ուղղությամբ շարժվում են ինքնաթիռներ, որոնք ներգրավված են որոնողական աշխատանքներում։ Վարչապետը հավելել է, որ հաստատված չէ, թե դրանք անհետացած ինքնաթիռի բեկորներն են։
Ավելի ուշ Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիմասուդդին Հուսեյնը հաստատել է, որ Հնդկական օվկիանոսի հարավում հայտնաբերված բեկորները կարող են պատկանել անհետացած Boeing-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Այժմ ես կարող եմ հաստատել, որ մենք նոր ապացույցներ ունենք», — ասել է նա լրագրողներին։