տուն Տնտեսական Ավոտմաքսազերծումն ու հաշվառումը` 1 ժամում

Ավոտմաքսազերծումն ու հաշվառումը` 1 ժամում

238
0

ավտո

Հայաստանում ավտոմաքսազերծման գործընթացն այսօր իրականացվում է 30 րոպեում, իսկ մաքսային ձևակերպումներից մինչև հաշվառում` 1 ժամում: Այս մասին ավտոմաքսատանը լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը` ներկայացնելով վերանորոգված սպասարկման սրահը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` Բաբկեն Ղազարյանը նաև ասել է, որ ատոմաքսազերծման ընթացակարգերի քանակը կրճատվել է կրկնակի անգամ, իսկ հերթականությունը դարձել է առավել համակարգված և տրամաբանական։

«Եթե նախկինում հայտարարատուները մեկ պատուհանին մոտենում էին 2-3 անգամ, ապա այսօր` 1 անգամ, ինչի արդյունքում այցելուի` մաքսատանը գտնվելու ժամանակահատվածը կրճատվել է առնվազն 15 րոպեով»,– ասել է նա:

Այցելուներին միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություն մատուցելու և սպասարկման բարձր որակ ապահովելու նպատակով լիովին բարեփոխվել է մաքսատան շենքը, ներդրվել են նաև ժամանակի նոր չափանիշներին համապատասխանող տեխնիկական միջոցներ:

Սպասարկման որակի բարելավման ու ընթացակարգերի պարզեցման արդյունքում ավտոմաքսատունն այժմ պատրաստ է առանց հերթերի օրական սպասարկել 500 հայտարարատուի: Սպասարկող անձնակազմի` այցելուների հանդեպ վերաբերմունքի և վարքագծի հարցը ևս մշտապես ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի դիտակետում է:

«Բարեփոխումների հիմքում դնելով այցելուի հարմարավետությունը` ավտոմաքսատան նոր սպասարկման սրահում այսուհետ մշտապես ներկա է աշխատակից, ով կուղղորդի այցելուներին իրենց անհրաժեշտ ընթացակարգերի կատարման գործընթացում»,- տեղեկացրել է ավտոմաքսատան պետը: