Սկսած 2014-ից, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի ազգային հաշիվների վիճակագրության բնագավառում իրականացնելու է մեթոդաբանական փոփոխություն. անցում է կատարելու «Ազգային հաշիվների համակարգ 1993»-ից «Ազգային հաշիվների համակարգ 2008»-ին:
Ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ) համակողմանի, փոխկապակցված և ճկուն մակրոտնտեսական ցուցանիշների համախումբ է, որն օգտագործվում է
քաղաքականությունների մշակման, վերլուծությունների և հետազոտությունների համար: Ազգային հաշիվների ցուցանիշները (ՀՆԱ, ՀԱԵ, սպառում, խնայողություն և այլն) այն կարևոր չափորոշիչներից են, որոնք օգտագործվում են քաղաքականություն իրականացնողների կողմից` պլանավորելու և գնահատելու իրենց վարած քաղաքականությունը, իսկ միջազգային կազմակերպությունների կողմից` համադրելու տնտեսական զարգացումները երկրների միջև:
ԱՀՀ 2008-ը ԱՀՀ 1993-ի արդիականացումն է, ԱՀՀ-ի 5-րդ խմբագրությունը, որի
առաջին խմբագրությունը հրապարակվել է ավելի քան 50 տարի առաջ: ՄԱԿ-ի
վիճակագրական հանձնաժողովը 2003 թվականին իր 33-րդ նստաշրջանում որոշում կայացրեց արդիականացնել ԱՀՀ 1993-ը սպառողների պահանջներին
համապատասխանեցնելու նպատակով: Այդ որոշումը պայմանավորված էր նրանով, որ շատ երկրներում տնտեսություններն էական փոփոխություններ են կրել 90-ական թվականների համեմատությամբ, երբ մշակվել էր ԱՀՀ 1993-ը: Բացի այդ, նախորդ տասնամյակում մեթոդաբանության ոլորտում հետազոտությունների արդյունքները հնարավորություն են ընձեռնել կատարելագործել մի շարք առավել բարդ հաշիվների բաղադրիչների հաշվարկման մեթոդները: