տուն Լուրեր Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը

Ավարտվեց ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը

203
0

AJ (1)Դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակեցին «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նշեց, որ 2014 թվականի առանձնահատկությունները ներկայացված են պետական բյուջեի նախագծում: Ըստ վարչապետի՝ առաջին առանձնահատկությունը վերաբերում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, ինչը նշանակում է օրենսդրական փոփոխություներ, միջազգային պայմանագրերի վավերացում, արդյունաբերական քաղաքականության ճշգրտում, որը կարող է իրական եւ շոշափելի արդյունքներ ապահովել տնտեսության զարգացման համար: Տիգրան Սարգսյանը նշեց, որ Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունն արդեն իսկ ապահովում է էական արդյունքներ. ոլորտում արտահանման ծավալները երկնիշ աճ են արձանագրում, եւ այս միտումները շարունակվելու են: Վարչապետը խոսեց նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին: Նա շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար եւ նշեց, որ այդ քննարկումների արդյունքում ընդունվել են բազմաթիվ առաջարկներ:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեցին «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օինագիծը եւ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Երրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծ՝ կից փաթեթով եւ «Պետական նպաստների մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Կազմակերպված քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված բոլոր օրինագծերը, որոնց թվում նաեւ` «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը` 70 կողմ, 40 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here