«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի հնչեցրած ահազանգը, թե վերջին ամիսներին իրենք 5 տասնյակից ավելի բողոքներ են ստացել տաքսու վարորդներից այն մասին, որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել տաքսի մեքենաները, խիստ մտահոգությունների տեղիք է տվել:
Araratnews.am-ը փորձեց ճշտել հենց ապահովագրական ընկերություններից, թե ինչու են հրաժարվում պարտադիր ապահովագրման պայմանագիր կնքել տաքսի ծառայության մեքենաների վարորդների հետ, մինչդեռ բոլորը հերքեցին այդ լուրերը:
Նրանք նշում են, որ մինչ օրս շարունակում են կնքել պարտադիր ապահովագրման պայմանագրեր տաքսի ծառայության մեքենաների վարորդների հետ:
«Մեզ մոտ նման բան չի կարող լինել: Մենք միշտ կնքել ենք ու հիմա էլ կնքում ենք տաքսիների վարորդների հետ պարտադիր ապահովագրման պայմանագիր, ուղղակի համապատասխան փաստաթղթեր պետք է ներկայացնեն: Նախկինում եղել է այսպիսի ընթացակարգ, որ վերցնում էինք փաստաթղթերը, երեք օր նայում էինք, ուսումնասիրում, թե որքանով է բավարարում օրենքի պահանջներին: Երեք օր հետո իրենց պատասխան էինք տալիս, իսկ հունվարի 8-ից նույնիսկ այդ գործընթացը չկա: Իրենք գալիս են, եւ, եթե բերում են փաստաթղթերը՝ արդեն տեղում գործին ընթացք է տրվում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Արմինե Մարգարովան:
Մինչդեռ «Աքիլլես» ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը հակադարձում է, նշելով, որ ապահովագրական ընկերությունները ստվերային են կատարում այդ գործընթացները եւ մերժում տաքսի ծառայության վարորդների հետ պայմանագրերը:
«Դա ստվերային է կատարվում, իրենք չեն ասում բարձրաձայն այդ մասին: Երբ որ զանգահարում են եւ ասում՝ մեքենա ունենք ապահովագրելու, պատասխանում են՝ համեցեք, հետո տաբեր պատճառաբանություններով մերժվում է պայմանագիրը»,- ասաց Մկրտչյանը Araratnews.am-ի հետ զրույցում: