Այսօր՝ հունիսի 27-ին, Բրյուսելում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ` խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Սա, իսկապես, բեկումնային իրադարձություն է այդ երկրների համար, որովհետև Ասոցացման համաձայնագիրն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է և այդ երկրների իշխանությունների կողմից համաձայնագրի ցանկացած խախտում հետևանքներ է ունենալու, այդ թվում` ֆինանսական: Նախկին համաձայնագրերը, մասնավորապես` գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով էլ հիմնականում կարգավորվում էր ԵՄ-ի ու այդ երկրների հարաբերությունները (և որը դեռ գործում է Հայաստանի պարագայում), նման իրավաբանական նշանակություն չունեին:
Իսկ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրեր իրագործելը հեշտ բան չէ, քանի որ ենթադրում է առևտրի ու հարակից ոլորտների բոլոր ընթացակարգերի ու չափանիշների համապատասխանեցում եվրոպական չափանիշներին: Դա նշանակում է, որ, օրինակ, հարկային ու մաքսային մարմինները, ուզեն թե չուզեն, աշխատելու են այնպես, ինչպես ԵՄ երկրերի համապատախան կառույցերն են աշխատում: Դա նշանակում է, որ Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կլինեն այնպիսի լաբորատորիաներ ու կառույցներ (եվրոպական ֆինանսավորմամբ ստեղծված), որոնք ցույց կտան այդ երկրներում արտադրված ապրանքների ամեն մի բջջի տվյալները, կհավաստեն ապրանքի ծագումից մինչև վերջնական սպառող անցնող բոլոր փուլերի համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Եվ դա նշանակում է, որ ցանկացած վրացի կամ մոլդովացի գործարար կկարողանա առանց որևէ դժվարության, 0% տոկոսադրույքով իր արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ, հենց որ արտադրի ԵՄ չափարոշիչներին համապատասխան ապրանքներ: Այժմ, եթե անգամ արտադրանքն իրոք բավարարում է ԵՄ չափանիշներին, ԵՄ արտահանվելիս բազմաթիվ դժվարությունների է հանդիպում, քանի որ ծագման երկրում չկան այն ինստիտուտները, լաբորատորիաներն ու ընթացակարգերը, որոնք որ կհավասեին եվրոպական չափանիշներին այդ ապրանքների համապատասխանությունը:
Մի խոսքով` այս 3 երկրները, կոպիտ ասած, անչափահասության վիճակից մտնում են չափահասության շրջան, որն առաջիկա 5-15 տարիներին այդ երկրների համար կապահովի բարձր եկամուտներ, բարեկացության ու կենսամակարդակի էական աճ և մարդու իրավունքների ու ազատությունների իրական պաշտպանություն:
Անշուշտ, լավ է, որ մեր հարևանը` Վրաստանը, դառնա ավելի բարեկեցիկ ու զարգացած: Դեռևս 5-7 տարի առաջ կենսամակարդակի ու տնտեսության էֆեկտիվությունը ցույց տվող բոլոր հիմնական ցուցանիշներով Վրաստանը մեզանից հետ էր: 2012, 2013-ին այն առաջ անցավ մեզանից: 10 տարի հետո, եթե շարունակվեն ներկայիս միտումները, Վրաստանը նշանակալի չափով առաջ կանցնի մեզանից` նմանվելով Արևելաեվրոպական այսօրվա երկրներին` Հունգարիա, Սլովակիա, Մերձբալթյան երկրներ: Իսկ մենք, դառնալով Մաքսային միության անդամ, կշարունակենք տեղում դոփել, բախվել խնդիրների, որոնք պարտադրված կլինեն մեզանից թույլ շուկայական ինստիտուտներ ունեցող Ռուսաստանից: Կզրվենք այն առավելություններից, որ այսօր տալիս է մեզ Եվրոպան (օրինակ` GSP+ համակարգը` առևտրի կարգավորման ոլորտում): Մաքսային միությանը անդամակցելով մենք խնդիրներ կստեղծենք Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, բազմաթիվ երկրներ կվատթարացնեն մեզ հետ տնտեսական հարաբերությունները (քանի որ Մաքսային միությունը պահանջում է մեզանից վատթարացնել այդ միության մեջ չմտնող երկրների հետ մեր առևտրային հարաբերությունները): Կվատթարացնենք մեր բանկային կարգավորման ու վերահսկողության համակարգը` ականատես դառնալով բանկային սնանկացումների (ինչպես Ռուսաստանում է) և այլն: 10 տարի հետո աշխարհի տնտեսական քարտեզում Հայաստանը կշարունակի մնալ աղքատ ու հետամնաց երկիր, որի բնակչությանը սովից ու համաճարակներից զերծ պահելու համար քաղաքակիրթ աշխարհը ստիպված կլինի զանազան դրամաշնորհներ ու էժան վարկեր տալ, իսկ Վրաստանը կդառնա տարածաշրջանի առաջամարտիկը բարեկեցությամբ ու ժամանակակից դեմոկրատական-շուկայական ինստիտուտների գործունեության արդյունավետությամբ:
Հրայր Մանուկյան