ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը վերջերս Ներդրումների իրականացման հանձնաժողով է ձևավորել, որի նախագահ Սարգիս Աղաբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ներդրումների իրականացման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը: Ս. Աղաբեկյանի խոսքով` իրենց ողջունելու են Հայաստանում ներդրողները` փորձելով աջակցել իրավական խորհրդատվության, պետական մարմինների հետ աշխատանքի, օրենսդրական բացերի վերաբերյալ տեղեկանքներ կազմելու ու առաջարկություններ ներկայացնելու: «Բիզնես շրջանակների շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է»,- հայտարարեց Ս. Աղաբեկյանը: Նրա խոսքով` կապիտալի շուկան ունի նույն խաղի կանոնները, որը կապված չէ ազգությունից: Մրցակցության դաշտում հաղթում են նրանք, ովքեր ներդնում են առավել առաջատար տեխնոլոգիաներ ու կիրառում կառավարման առավել արդյունավետ մոդելներ ու մեթոդներ:
Ս. Աղաբեկյանի խոսքով` իրենք արդեն աշխատում են գյուղմթերքների վերամշակման և սննդամթերքի արտադրության ոլորտի մի ներդրողի հետ ու փորձում աջակցել նրան` Հայաստանում 6 մլն եվրո ներդնելու համար: Աղաբեկյանի խոսքով` իրենք հատկապես կենտրոնանում են արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների վրա, քանի որ Հայաստանի ավելի շատ աշխատատեղեր է ստեղծում մեր երկրում: Բացի այդ մեր շուկան փոքր է, ինչը խոշոր ներդրողների համար այնքան էլ գրավիչ չէ: Իսկ արտահանման ուղղվածության դեպքում հնարավոր է խոշոր ներդրումներ ներգրավել: