տուն Հասարակություն Կրթություն Առցանց ուսուցման խնդիրները. մանրամասնում են տնօրենները

Առցանց ուսուցման խնդիրները. մանրամասնում են տնօրենները

1305
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ում դպրոցներն ու բուհերն անցել են հեռավար ուսուցման:

Պարզելու համար, թե որքանով է արդյունավետ առցանց ուսուցումը և արդյոք բոլոր աշակերտների համար է այն հասանելի, AraratNews.am-ը կապ է հաստատել հանրապետության որոշ դպրոցների տնօրենների հետ:

AraratNews.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթև Մկրտչյանը, մասնավորապես, նշեց.

«Խնդիրները կան: Մենք հիմա ZOOM ծրագրով ենք աշխատում՝ լիարժեք դասացուցակով: Փորձել ենք այնպես անել, որ եթե անգամ տանը երեք երեխա են և ունեն ընդամենը մեկ կամ երկու հեռախոս, իրար չխանգարեն, բայց այդպես աշխատել երկար չենք կարողանա»:

Այսօր արդեն ZOOM ծրագրով աշխատել են: Տաթև Մկրտչյանը նշեց, որ եթե անգամ դպրոցի 80%-ը առցանց ուսուցմանը ներգրավված լինի, ապա ուսուցիչները մյուս 20 %-ի հետ անհատական զանգերի միջոցով կաշխատեն՝ 10-20 րոպեում նոր դասը կբացատրի ուսուցիչը, իսկ հանձնարարություններն արդեն ընդհանուր խմբի հետ կանեն:

«Ժամը իննից առցանց հետևում եմ 5-րդ դասարանի դասին: Դասարանում 20 հոգի են, և 20-ից 17-ը լիարժեք մասնակցում են դասին»,- ընդգծեց Տաթև Մկրտչյանը:

Տաթև Մկրտչյանը ձեռնամուխ է եղել, որ դպրոցի բոլոր աշակերտները էլփոստեր ունենան: Անգամ նրանք, ովքեր չեն ունեցել, այդ ընթացքում արագ բացել են: Դպրոցի ուսուցիչներն էլ էլփոստերով ZOOM համակարգի միջոցով կապ են հաստատել իրենց աշակերտների հետ:

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ, դպրոցի աշակերտների գրեթե 5%-ն է, որ չի կարողանում օգտվել առցանց ուսուցման համակարգից: Այդ աշակերտների հետ էլ ուսուցիչները անհատական զանգերի, Viber-ի կամ Messenger-ի միջոցով կապվում ու բացատրում են նոր դասը, տալիս համապատասխան հանձնարարությունները:

Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բոլոր դասղեկները նախորդ շաբաթվանից սկսել են Viber-ով աշխատել: Խմբեր են բացել ու բոլոր աշակերտներին ներառել:

Անի Քալաշյանը նշեց, որ Viber-ն այնքան էլ արդյունավետ տարբերակ չէ առցանց ուսուցման համար, հենց այդ պատճառով էլ ուսուցիչների մի մասը սկսել են ZOOM-ով աշխատել: Բայց ZOOM համակարգից օգտվելն էլ է խնդիրներ ստեղծում: Կան ուսուցիչներ, ովքեր համակարգչով չեն կարողանում օպերատիվ աշխատել:

Viber-ով աշխատելը ավագի դպրոցի համար ինչ-որ չափով նպատակահարմար է, քանի որ հիմնականում հոսքային դասարաններ են ու խմբերի ներսում աշակերտների քանակն էլ մեծ չէ:

«Փոքրիկ Իշխան»  կրթահամալիրի  տնօրեն Մարիա Խախամյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ, ընդհանուր առմամբ, հեռավար ուսուցման պարագայում՝ հատկապես գյուղական համայնքներում լրջագույն խնդիրներ են առաջանում. կան մարդիկ, ովքեր չեն տիրապետում համակարգչային հմտությունների:

«Ես կապվել եմ որոշ գյուղական դպրոցների հետ: Այնտեղ մաքսիմում հանձնարարությունները զանգի կամ Viber-ի միջոցով ուղարկում են երեխաներին, բայց քանի որ դուք հիմա խոսում եք Երևանի մասնավոր դպրոցներից մեկի մասին, ապա մասնավոր դպրոցի համայնքը՝ ծնողական և աշակերտական, որոշակիորեն և տեխնիկապես հնարավորությունների ունի, և մի փոքր ավելի առաջադեմ է: Թեև պատրաստ չենք եղել հեռավար ուսուցման (դպրոցը չի իրականացրել հեռավար ուսուցում մինչ օրս), բայց շատ արագ ինքնակազմակերպվեցինք: ZOOM ծրագիրը բոլորովին բարդ չէ կիրառման համար: Մենք փորձարկեցինք մի քանի ծրագիր և վերջում կանգ առանք այդ ծրագրի վրա. ինքը հնարավորություն է տալիս և գրատախտակ օգտագործել, և միաժամանակ մենք մանկխորհ ենք արել 40 հոգով, և կապը շատ լավ ապահովել է: Եթե մեր դպրոցի համար ասեմ, ապա այս ծրագիրը դեռևս ընթացքում է ու այս շաբաթ դասացուցակում ներառվեցին գրեթե բոլոր առարկաները»,- ասաց Մարիա Խախամյանը:

«Փոքրիկ Իշխան»  կրթահամալիրի տնօրենը նշեց, որ գրեթե ամեն օր ZOOM-ի միջոցով տեսահանդիպումներ են անցկացվում դասղեկների ու դասվարների հետ՝ կազմակերպչական գործընթացն ապահովելու նպատակով:

Խախամյանի խոսքերով՝ ZOOM-ից կարողացել են օգտվել նաև այն ուսուցիչները, որոնք այնքան էլ լավ չեն տիրապետում համակարգչային հմտություններին: Անգամ այն ծնողները, որոնք ավելի լավ են տիրապետում այդ հմտություններին, հենց իրենք են ուսուցչին օգնել ստեղծել առցանց հարթակները:

«Բոլոր կողմերից շահագրգռված են և նպատակը մեկն է, որ կարողանան առցանց ուսուցումը կազմակերպել: Ես կարծում եմ, որ այսօր առցանց ուսուցումը երկու նպատակ ունի. մեկը՝ ապահովել ծրագրային հնարավորությունները, առաջ գնալը, որպեսզի մենք կարողանանք տարին ամփոփել: Ինչպես հասկանում ենք, այս իրավիճակը կարող է երկարաձգվել: Եվ երկրորդը՝ առնվազն երեխաներին զբաղվածություն տալ. ես կարծում եմ, որ սա հրաշալի հնարավորություն է: Մենք կարողանում ենք երեխայի զբաղվածությունն ապահովել առցանց, և այնուհետև հանձնարարություններ ենք տալիս, ու երեխայի օրը լցվում է»,- հավելեց Մարիա Խախամյանը: