ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը երեկ երեկոյան հանդիպեց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ կոլեկտիվի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամսար Բաբինյանը։
Դերենիկ Դումանյանը ծանոթացավ «Շտապօգնության» ինչպես ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ` վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների արդյունքներին։ Նախարարը նաև եղավ կարգավարական կենտորոնում և հետևեց կանչերն իրականացնող խմբերի աշխատանքին։
Շտապբուժօգնության ծառայություն իրականացնողները Դերենիկ Դումանյանի մոտ իրենց մտահոգող մի շարք հարցեր բարձրացրեցին։ Մասնավորապես նրանք որոշ չափորոշիչների, վարձատրման մեխանիզմների վերանայման, բրիգադների ավելացման խնդիր դրեցին, ինչի առթիվ նախարարը խոստացավ համապատասխան քննարկումներ կազմակերպել և ընթացք տալ։
Դերենիկ Դումանյանը խորհրդակցություն անցկացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ բուժանձնակազմի հետ, որի ընթացքում այլ հարցերից բացի քննարկվեցին մարդասիրական ծառայություն իրականացնող բժիշկների նկատմամբ վերջին շրջանում ցուցաբերվող բռնության հասնող ոչ համարժեք վերաբերմունքի միջադեպերը, ունկնդիր եղավ նրանց անհանգստություններին ու կարծիքներին։
Նախարարն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր բուժաշխատողներին` իրենց կատարած մարդասիրական ու պատասխանատու հսկայածավալ աշխատանքի համար։
«Վստահեցնում եմ, որ ամենօրյա, լարված ձեր առաքելությունն իրականացնելիս մշտապես կզգաք նախարարության ամենամեծ ուշադրությունն ու հագատարությունը։ Դուք միայնակ ու անօգնական չեք լինի։ Բայցև միաժամանակ խնդրում եմ, որ մասնագիտական ձեր պարտականություններն այսուհետև ևս իրականացնեք ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց նախարար Դումանյանը։
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ևս իր խոսքում նշեց, որ Երևանի բնակչության համար կարևոր գործառույթ իրականացնող ծառայությունը կատարողների նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք անկողմնակալ քննության կենթարկվի և հետևողականություն կցուցաբերվի մեղավորների նկատմամբ խիստ պատիժ կիրառելու գործում։
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը կոլեկտիվի անունից շնորհակալություն հայտնեց նախարար Դումանյանին և փոխքաղաքապետ Օհանյանին` ցուցաբերվող ուշադրության և հոգատարության համար։