տուն Հասարակություն Ինչու չեն հրապարակվել հոշոտված կենդանիների լուսանկարները. պարզաբանում է այգու աշխատակիցը

Ինչու չեն հրապարակվել հոշոտված կենդանիների լուսանկարները. պարզաբանում է այգու աշխատակիցը

1174
0

Կենդանաբանական այգին այսօր կրկին հայտարարություն է տարածել՝ այս անգամ գուժելով 3 մուֆլոնների հոշոտման մասին։ Հետաքրքիր էր հայտարարության մեջ նշված այն հատվածը, որ «այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է»։

Araratnews.am-ը փորձեց հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից կամ պատասխանատուներից որևէ մեկից. պարզվեց՝ բոլորը շատ զբաղված են, և մեր հարցերին պատասխանեց այգու աշխատակից Վալյա Մարգարյանը։

Հարցին՝ ինչով էին զբաղված այգու հսկիչները, երբ գիտեին՝ շների ոհմակը կարող է նորից ներթափանցել տարածք, նա պատասխանեց․ «Ամբողջ այգու տարածքում խստացված հսկողություն է իրականացվել աշխատակիցների կողմից ու տարբեր տարածքներից հեռացվել են շները»։

Հարցին՝ քանի հսկիչ ունի Կենդանաբանական այգին, Մարգարյանը պատասխանեց․ «Գիշերային հերթափոխի հսկիչներն այս գիշեր ավելացվել են, ու այստեղ է եղել նաև ամբողջ ծառայության պետը, այգու ողջ տարածքում շան ձայներ լսվել են, ու տարբեր հատվածներից են փորձել նրանց հեռացնել։ Մինչև մի հատվածից հեռացրել են, մյուսից ոհմակը մտել է և հոշոտել»։

Այգու աշխատակիցը նշեց, որ մուֆլոններն ազատավանդակում են եղել, և շները հանգիստ կարող էին մուտք գործել, քանի որ այգին պարսպապատ չէ։

Իսկ կա՞ն լուսանկարներ երեկ հոշոտված կենգուրուներից և այսօրվա հոշոտված մուֆլոններից, այգու աշխատակցի պատասխանը զավեշտալի էր․ «Տեսանկարահանող սարքեր չունենք, բայց ամեն դեպքում չենք հրապարակում նման լուսանկարներ»։

Դիտարկմանը՝ ժամանակին եղել են դեպքեր, երբ անկած կենդանու լուսանկար է հրապարակվել, չէ՞․ «Շատ դաժան տեսարան է, չեմ կարծում, որ էթիկապես ճիշտ կլինի, որ հրապարակվի, այն էլ մեր էջում»։

Բայց նույնիսկ սպանված մարդկանց դիակներն են ցույց տալիս, ինչո՞ւ չեք կենդանիների լուսանկար հրապարակում․ «Այս պահին մենք ճիշտ չենք համարում հրապարակելը, որովհետև դրանք անցանկալի կադրեր են, շան գզած մարմինը ոչ մեկին հաճելի չի լինի»։

Իսկ ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Կենդանաբանական այգին, գուցե այսօր երեկոյան շներն առյուծին հոշոտեն․ «Առյուծին հաստատ չեն կարող հոշոտել, բայց պատկան մարմիներն արդեն զբաղվում են այդ հարցով, դիմել ենք Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ-ին, իրենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն, քաղաքապետարանը հանձն է առել նոր պարսպի կառուցումը, աշխատանքների սկիզբն արդեն տրվել է։ Այս ամենը պարսպի խնդիր է»,- վստահեցրեց Մարգարյանը։

Բայց Թափառող շների վնասազերծման կենտրոնի փոխտնօրենը կասկածի տակ է դնում շների կողմից հոշոտման երկրորդ դեպքը՝ պահանջելով հաշվառում իրականացնել այգում․ «Քանի որ շները մեր մոտ չեն, մենք նույնիսկ չենք կարող հստակ ֆիքսել՝ նույն շունն է այսօր մուֆլոնին վնասել, ինչ-որ երեկ կենգուրուներին էին վնասել։ Երեկ ձագուկներին գտել ենք, տվել ենք Թափառող շների վնասազերծման կենտրոն, մեր աշխատակիցները փորձել են բռնել, բայց փախել են մեծերը։ Եվ այդ շները մեծ ոհմակով են եղել»։

Իսկ ինչպիսին է քաղաքապետարանի արձագանքը․ «Երեկ մեզ մոտ են եղել  փոխքաղաքապետերը, լաբորատորիայի աշխատակիցների կողմից դիահերձում արվել է, հաստատվել է, որ դեպքը շների հարձակման արդյունքում է եղել, ուրիշ վարկած չկա շների անկման»,- ասաց նա։

Նշենք, որ հայտարարությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի փոխտնօրեն Հարութ Առաքելյանը՝ մասնավորապես շեշտելով․

«Այս ամենն արդեն տանելի չէ, հենց նոր տեղեկացա, որ Կենդանաբանական այգում լուսադեմին պարզվում է թափառող շները հիմա էլ 3 մուֆլոնի անկման պատճառ են դարձել:
Բայց այսքանով չենք բավարարվում, պարզվում է, որ դրանք նույն կենգուրուներ կերած շներն են, որոնց մի մասը մի քանի ամսական են:
Սա էլ դեռ բավական չէ, վտանգ կա Երևանում վտանգավոր շների ոհմակների, ու պետք է դիմել պատկան մարմիններին:

Այո, պետք է արդեն դիմել պատկան մարմիններին՝ այս խրախճանքին վերջ դնելու համար: Առաջարկում եմ հաշվառում անել այգում՝ հասկանալու համար արդյոք կենդանիները տեղում են, թե վաղը լուսադեմին էլ նոր անկման դեպքերի մասին կլսենք:
#կենդանիները_խաղալիքներ_չեն»։

Հիշեցնենք, որ այգու տարածքում կենդանիների անկման դեպքերը վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ ավելացել են՝ այգին ամեն դեպքի համար ինչ-որ պատճառաբանություն է գտնում և արդարանում։

Մինչ նյութը պատրաստվում էր, Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here