Էլի ապրիլն է։ Այս տարվա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդը նախորդների նման մարդաշատ չի լինի՝ միլիոնուկես ծաղիկներով պարուրված. դատարկ ու ամայի հուշահամալիրն այս անգամ յուրովի է աղաղակելու մարդկության ամենամեծ չարիքի մասին։
Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս՝ միշտ հիշում եմ իմ և թուրք գրող Փընար Սելեքի հանդիպումը:
Սրանից հինգ տարի առաջ էր: Լսեցի, որ Հայաստան է ժամանել թուրք գրող Փընար Սելեքը, որպեսզի մեզ`հայերիս ներկայացնի իր նոր գիրքը «Որովհետև հայ են» վերտառությամբ:
Մինչ հանդիպման վայր հասնելը մտքիս մեջ փորձում էի պատկերացնել, թե ինչ տեսք ունի Սելեքը: Կյանքում առաջին անգամ պետք է թուրք տեսնեի:
Հետաքրքրասիրությունից զատ մի փոքր տագնապ կար սրտումս: Անբացատրելի մի բան: Գուցե ինձ համար այս հանդիպումը թուրք գրողի հետ առերեսում էր հայոց պատմության ամենադաժան էջի հետ:
…Սրահի կենտրոնում նստած էր ազգությամբ թուրք գրողը: Նա միջին տարիքի կին էր, որ թուրքական պետական հալածանքներից խուսափելու համար փախել էր Ֆրանսիա: Այս ամենը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ թրքուհին խոսել էր Հայոց ցեղասպանության մասին, մեղադրել նախնիներին ու գործող իշխանություններին։
Իր կյանքը փրկելու համար Փընար Սելեքը թողել էր հայրենի տունը, ծնողներին ու բնակություն էր հաստատել Ֆրանսիայում, որտեղ էլ գրել էր հայերի մասին պատմող գիրքը: Իսկ մինչ այդ հասցրել էր նույնիսկ դատապարտվել ցեղասպանության մասին խոսելու համար:
Հանդիպել էի մեկին, ում նախնիները դաժանաբար սպանել էին իմ պապերին: Սկզբում թվում էր, թե անկարող կլինեմ լսել նրան, նրա բացատրությունները: Բայց կարողացա:
Փընար Սելեքը մեզ պատմեց, որ մեր հայրենակիցներից շատերը փրկվելու համար փոխել են իրենց ազգանունը, կրոնը: Թուրքիայում ապրող հայերն իր հետ զրույցներում ասել են, որ նրանց համար ամենադժվարը թուրքական այն թաղամասերում ապրելն է, որոնք անվանակոչված են թուրք փաշաների անուններով, նրանց անուններով՝ ովքեր կազմակերպել էին ցեղասպանությունը:
Գրողն իր հետ բերել էր արդեն հայերեն թարգմանությամբ գրքերը, որտեղ ներկայացրել էր հայ լինելու, միայն հայ ծնվելու համար թուրքական դաժանություների ենթարկվելու մասին այդ պատմությունները:
Երբ հանդիպումն ավարտվեց, մոտեցա նրան: Հարցրեց անունս: Պատասխանեցի՝ Հայկ է անունս:
Փընար Սելեքը գրքի վրա թուրքերեն մակագրեց`սիրով Հայկին: Գիրքը վերցրեցի, ուզում էի արագ հեռանալ, նկատեցի նրա աչքերն արցունքոտվել են։ Թուրք գրողը գրկեց ինձ:
Թե ինչ զգացողություններ ունեցա՝ պատմել չեմ կարող: Միայն մի բան կասեմ: Փընար Սելեքի նման շատերը կան, ովքեր համարձակվել են առերեսվել պատմական ճշմարտությանը, ընդունել, ներողություն հայցել ու շարունակել ապրել: Սեփական պատմությունից փախչել հնարավոր չէ: Ճիշտը վաղ թե ուշ բացահայտվելու է:
Հայկ Մագոյան