«Եթե տրանսպորտի ուղեվարձը հունվարի 1-ից դառնա 150 դրամ, դա կլինի քաղաքապետարանի սխալ, անարդար, չմտածված որոշում։ Ես դրա դեմ կգրեմ ու կխոսեմ, գուցե կմասնակցեմ դրա դեմ կազմակերպվելիք խաղաղ (ընդգծում եմ՝ խաղաղ) ցույցերին, ես կվարձեմ մարդկանց տեղափոխել խմբագրության մեքենայով, ես կոչ կանեմ բոյկոտել այդ տրանսպորտը (ի դեպ, 60-ականներին այդպես էր Մարտին Լութեր Քինգը պայքարում ռասայական խտրականության դեմ, որն, ինչպես հայտնի է, արտահայտվում էր նաև տրանսպորտում հատուկ սպիտակների համար նախատեսված «լավ տեղերով»)։ Բայց եթե ես հայտնվեմ այդ տրանսպորտում, և ուղեվարձը սահմանված լինի 150 դրամ, ես կվճարեմ 150 դրամ։ Վատ օրենքների դեմ պետք է պայքարել՝ այդ օրենքները փոխելու պահանջով, ոչ թե այդ օրենքները չկատարելով։ Այստեղ է, իմ կարծիքով, այն սահմանագիծը, որի վրա պետք է կանգ առնի պետությունը (պետությունը, ոչ թե իշխանությունը) հարգոդ քաղաքացին։
Մենք չենք ունենա իրավական պետություն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի բնակիչները, այդ թվում՝ իշխանությունն ու ընդդիմութունը, տառապում են իրավական նիհիլիզմով, մինչև որ նրանք, ովքեր իրենց մտավորական են համարում, «բարձր նկատառումներով» արդարացնեն որևէ ապօրինություն։ Կարճ ասած, երբ մենք քայլում ենք փողոցով և տեսնում ենք, որ այն թքոտած է ու աղտոտած, ասենք՝ «դե, միևնույն է՝ բարդակ է, եկեք մենք էլ թքենք»։ Հասկանալի չէ՞, որ մեզնից առաջ մի հազար հոգի հենց այդպես է մտածել։
Հայտնի ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է. «Մտավորականները Ռուսաստանում այն մարդիկ են, որոնք կարծում են, թե գիտեն՝ ինչպես փոխել կյանքը երկրում։ Նրանք պետք է որ ինչ-որ տեղ ունենային իշխանության մեջ, բայց, չգիտես ինչու, այդ տեղն իրենց համար երբեք չի հատկացվում։ Երբ մարդն ընկնում է իշխանության մեջ, նա դադարում է մտավորական լինելուց… Ես չգիտեմ, թե ինչ է մտավորականությունը։ Ես գիտեմ, թե ով է մտավորական մարդը։ Դա մի մարդ է, որը գիտակցել է իր պարտականություններն ավելի շատ, քան իրավունքները»»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։