«Հայեցակարգը դեռևս լուրջ ուսումնասիրության կարիք ունի, բայց նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից կարելի է մի շարք հետևություններ անել: Ամենակարևորն այն է, որ խոսակցությունները, թե իրենց իսկ լեզվով ասած՝ «ռեժիմը ամեն կերպով ուզում է վերարտադրվել» և այլն, հերթական անգամ ապացուցվեց, որ իրականության հետ կապ չունեն: Եվ մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեզ համար շատ ավելի կարևոր է և’ արժեքավոր է իրական պետություն կառուցելը` իրավական, ժողովրդավարական արժեքներով համահունչ, և’ պատրաստ ենք ունենալով մեծամասնություն նաև գնալ այնպիսի փոփոխությունների ու քննարկումների, որոնք համահունչ են և ժողովրդի տրամադրությանը»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով հրապարակված Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը: Հարցին`ո՞րն է պատճառը, որ դեռ երկու տարի առաջ, երբ քաղաքական ուժերը պնդում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը ՀՀԿ-ն ընդդիմանում էր դրան պնդելով, թե Հայաստանի նման երկրի համար խորհրդարանական կառավարումը աննպատակահարմար է, ի՞նչ փոխվեց այս ընթացքում, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նախագահի ելույթից հստակ երևում է, որ իշխանությունները մնում են նախկինում հայտնած այն տեսակետին, որ չեն գնալու խորհրդարանական համակարգին եթե քննարկումների արդյունքում չպարզվի, որ դրա անհրաժեշտությունը կա. «Միևնույն ժամանակ նախագահը նշեց, որ ևս մեկ անգամ չի հավակնելու նախագահի պաշտոնին և եթե կառավարման ձևը փոխվի, ապա չի հավակնի նաև երկրի վարչապետի պաշտոնին: Այսինքն` սրանով ձևավորվում է նոր մշակույթ, երբ իշխանությունները ամեն գնով չեն փորձում վերարտադրվել կամ մնալ իշխանության ղեկին: Հատկապես Հայաստանի նման երկրում , առավելապես տարածաշրջանային նման մարտահրավերների պարագայում կարծում եմ շատ ավելի կարևոր է Սահմանադրական ձևով կազմակերպել այդ բոլոր գործընթացները` և’ փոփոխությունները, և բարեփոխումները, և մնացածը»: ՀՀԿ-ական պատգամավորի պատկերացմամբ, Հայաստանում առավել արդյունավետ կգործի ուժեղ նախագահական համակարգը:
Մինչդեռ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այլ կարծիք ունի. «Սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ինքը չի հասկանում`ինչ է անում: Սա աշխարհի պատմության մեջ նախադեպ չունեցող զարգացում է: Աշխարհում ընդունված է, որ որեւէ երկրի լիդերը հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների փաթեթով, եթե համարում է, որ դա երկրի արդյունավետ կառավարման համար լավագույն ձեւն է»: Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Զուրաբյանն ասաց, որ անհասկանալի է, թե ի՞նչ նպատակ ունի ՀՀԿ-ի առաջ քաշած Սահմանադրական բարեփոխումների փաթեթը. «Մենք բախվում ենք մի անբացատրելի իրողության հետ. Երկրի գործող նախագահը հանրությանը ներկայացնում է սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ, ըստ էության առաջարկում է անցում կառավարման այլ մոդելի, միեւնույն ելույթում ասում է, որ ինքը գործող կառավարման մոդելը` կիսանախագահական, կիսախորհրդարանական մոդելը համարում է շատ ավելի լավ եւ արդյունավետ»: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հարց է տալիս նախագահին`այդ դեպքում ինչո՞ւ է նախաձեռնում նման անցում`այլ կառավարման մոդելի. «Սա կատարյալ անհեթեթություն է»:
Արդյոք դա ռեւերա՞նս է ընդդիմությանը, քանի որ խորհրդարանական կառավարման ձեւին կողմ են արտահայտվել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», կամ քառյակի համագործակցությունը տրոհելու նպատա՞կ ունի` հարցերին էլ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դա ռեւերանս չէ, քանի որ ՀԱԿ-ը սկզբունքորեն կիսանախագահական, կիսախորհրդարանական մոդելի կողմնակից է: Քառյակի համագործակցությունը տրոհելու առիթով էլ ասաց. «Միակ բացատրությունը կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանը կառավարման մոդելի փոփոխությամբ փորձում է վերարտադրել իր իշխանությունը»: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ոչ նախագահ, ոչ էլ վարչապետ չի ցանկանում դառնալ, Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Դա ընդամենը մի հրապարակային խոստում է, որն ինքը շատ հանգստությամբ կմերժի, երբ որ լայն աշխատավորական կոլեկտիվները համազգային խնդրանքով դիմեն նրան`իր որոշումը փոխելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ «Առավոտ» օրաթերթ