«Ավագ սերնդի ներկայացուցիչները գիտեն, թե որտեղից է առաջացել «բոլշևիկ» բառը։ 1903 թվականին Բրյուսելում, իսկ այնուհետև Լոնդոնում անցկացված ռուս սոցիալ-դեմոկրատների համագումարում ձևավորվեց մեծամասնություն և փոքրամասնություն, առաջինը սկսեց թելադրել իր կամքը՝ իբր ժողովրդավարական ընթացակարգի հիման վրա։ Հետագայում «բոլշևիկ» բառը դարձավ բռնապետության և անհանդուրժողականության հոմանիշ։
Իսկապես, փոքրամասնությունը կարծես թե պետք է ենթարկվի մեծամասնության որոշումներին։ Բայց եթե փոքրամասնությունը որևէ լծակ չունի ազդելու, ասենք, խորհրդարանի որոշումների վրա, ապա այդ խորհրդարանը կընդունի միայն մեծամասնաթյանը ձեռնտու օրենքները, ինչպես որ դա տեղի է ունենում, մասնավորապես, Հայաստանում։ Ընդդիմադիրները կարող են քննադատական ելույթներ ունենալ, խարազանել, գոռալ, բողոքել՝ այդ ամենը ոչ մի նշանակություն չունի՝ քվեարկության ժամանակ ընդունվելու է մեծամասնության որոշումը։
Ազգային ժողովի ողջ պատմության ընթացքում՝ 95 թվականից սկսած, չի եղել մի դեպք, որ իշխանական մեծամասնությունը չի կարողացել անցկացնել իր ուզածը։ Ընդդիմության ոչ մի փաստարկ, ոչ մի խնդրանք, ոչ մի սպառնալիք («կկանգնեք ժողովրդի արդար դատաստանի առաջ», «սերունդները ձեզ չեն ների»), ոչ մի կոչ «դիմում ենք ձեր խղճին» չի ազդել և, հավանաբար, երբեք չի ազդելու։ Քվեարկության պահին մեծամասնության խմբակցության ղեկավարը «հավաքագրում է» իր պատգամավորներին, որոնցից կեսից ավելին ո՛չ միայն չեն կարդացել օրենքը, այլև չգիտեն, թե ինչի մասին է խոսքը՝ նրանց գործը պարզապես կոճակ սեղմելն է, և ընդդիմության ամբողջ «բարոյական ճնշումն» ի չիք է դառնում՝ «որոշումն ընդունված է»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։