«Առավոտի» խմբագրականը նշում է. «Կա երկրների մի խումբ, որը ստեղծում է նոութբուքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ, դրանց հետ կապված ծրագրեր, մրցունակ ավտոմեքենաներ, մի խոսքով՝ առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կա մի երկիր, որն առայժմ ունի նավթ և գազ, ինչպես նաև ստեղծում է տանկեր, «Սմերչեր», «Տոպոլներ» և այլն։ Առաջին դեպքում բարձր է գնահատվում ստեղծագործական ազատությունը, երկրորդ դեպքում՝ երկրի ղեկավարը, որն իսկապես հայրենասեր մարդ է, փորձում է տեխնոլոգիաների բացակայությունը փոխարինել ազգային գաղափարով՝ վերագրելով իր երկրին ինչ-որ հատուկ առաքելություն։ Միայն թե պարզ չէ՝ արդյոք մեծապետական գաղափարները կարո՞ղ են փոխարինել իրական առաջընթացին, ինչպես ասում էր 0’Հենրիի հերոսներից ճեկը՝ ավազը չի կարող հաջողությաճբ փոխարինել վարսակին։
Մենք գերադասում ենք երկրորդ տարբերակը, որովհետև «պարզվեց», որ տանկերը մեզ ավելի շատ են պետք։ Դա, իհարկե, տհաճ իրողություն է, բայց պետք չէ հուսահատվել, հայտարարել, որ դա աշխարհի վերջն է, որ մենբ պետք է հրաժեշտ տանք անկախությանը։ Կյանքը շարունակվում է։ Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն (ոչ թե քաղաքական հաշվարկներից ելնելով կամ հանուն ինչ-որ գրանտների) մտածում են, որ մեր փոքր, բնական ռեսուրսներով աղքատ երկիրը կարող է երբևէ մրցունակ դառնալ համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիական, կրթական, մշակութային շուկայում, ապա նրանք պետք է ոչ թե հակադրվեն Ռուսաստանին և հաճոյանան եվրոպացիներին, այլ նախևառաջ բացատրեն դա մեր քաղաքացիներին՝ այն մարդկանց, որոնք վերջնական որոշում են ընդունել երբեք, ոչ մի պարագայում չլքել Հայաստանը։
Իհարկե, ոչ ոք լուրջ սոցիոլոգիական հարցում չի անցկացրել, բայց զուտ աչքաչափով ինձ թվում է, որ հայաստանցիներից շատերը մեր երկրի հետ ամբիցիոզ ծրագրեր չեն կապում, և դա է պատճառներից մեկը, թե ինչու Մաքսային միությանը միանալու իշխանական մտադրաթյունը ոչ մի դիմադրության չի հանդիպում։ «Մենք խեղճ ենք, անկարգ ենք, բազմաչարչար ենք, մի կերպ յոլա տանենք, այսպես էլ մնա լավ է»՝ այսպիսի հոգեբանությունը, իհարկե, ուղիղ ճանապարհով տանում է դեպի Եվրասիական միություն։
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ ոչ մի Եվրասիական միություն չի էլ լինի։ Իհարկե, Աստված պահի մեր բարեկամ Ռուսաստանը, բայց վախենամ, որ այդ երկիրն ընկել է հերթական տեղապտույտի մեջ՝ պահպանողականություն, մեսիականություն, լճացում, քայքայում, բարեփոխման փորձեր, այնուհետև՝ կրկին պահպանողականություն և այլն։ Այդ ցիկլերի մեջ մենք՝ հայերս, սովորաբար տուժել ենք, բայց 1990-ականներին շահեցինք՝ նաև տեղական ղեկավարների լուրջ թիմ ունենալու շնորհիվ։ Բայց վտանգը միշտ կա։ Խնդիրն այն է, որ պետք է զգալ, թե երբ է սկսվելու հերթական քայքայումը։»