«Առավոտի» խմբագրականը նշում է. «Աշխարհում կան հարյուրավոր գրքեր, հոդվածներ և հարցազրույցներ, որտեղ միլիոնատերերը բացատրում են, թե ինչպես են հասել հաջողության։ Հենրի Ֆորդը, օրինակ, պատմում է, թե ինչպես կատարելագործել ավտոմեքենաների արտադրությունը, Բիլ Գեյթսը՝ ինչպես հեղափոխություն ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Եթե նման գիրք գրի ռուսաստանցի օլիգարխը, այն (անկեղծ լինելու դեոդքում կկոչվի «Ինչպես եմ ես Խորհրդային Միության փլուզման պահին հայտնվել նավթի խողովակի կողքին»։ Իսկ հայ օլիգարխն իր գիրքը կվերնագրի` «Ինչպես էի ես Ուկրաինայից շաքարավազ բերում»։
Աշխարհում միլիոնավոր մարդիկ կարդում են այդ գրված կամ չգրված գրքերը, ոգևորվում են այդ օրինակներով կամ նախանձով են լցվում և գլուխը տարուբերելով ասում են՝ «վայ, բախտի տերը թաղեմ»։ Հաջողությունը գիտակցության այս պարզագույն մակարդակի վրա հավասարազոր է հարուստ կամ, համենայնդեպս, բարեկեցիկ մարդ դառնալուն՝ դրանով է կողմնորոշվում մարդկության մեծամասնությունը։ Դա, իհարկե, պատրանք է, որովհետև՝ ա) պահանջարկի բավարարումը նոր` ավելի բարձր պահանջարկ է առաջացնում (ինչի մասին դեռևս 19-րդ դարի առաջին կեսին գրել է Ֆրանսիացի գործիչ Ալեբսիս դե Տոկվիլը), բ) որքան շատ են մարդու նյութական կարողությունները, այնքան շատ է նա դողում իր ունեցվածքի վրա, ինչը նրան կատարելապես դժբախտ է դարձնում, գ) աշխարհում կան բազմաթիվ մարդիկ (սկսած ինձնից), որոնք իրենց կյանքից միանգամայն գոհ են, բայց որևէ չափանիշով հարստությունից չափազանց հեռու են։
Ավելին ասեմ ՝ իսկ արդյոք հաջողության ամեն գնով հասնելը (որևէ հաջողության՝ ոչ միայն նյութական պե՞տք է լինի մարդու գլխավոր նպատակը։ Արդյոք այս կյանքում ավելի հետաքրքիր նպատակներ չկա՞ն։ Եվ արդյոք ճիշտ չէ՞ր Ռեդյարդ Քիպլինգը, որն ասում էր, թե հաջողության և դժբախտության գինը, ըստ էության, նույնն է։
…Դառնալով ներկայիս պահին՝ ասեմ, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար մեծ հաջողություն կլինի, եթե կարողանա գոնե որոշ չափով պահպանել իր անկախ պետականությունը։ Բայց եթե, Աստված չանի, նույնիսկ չպահպանի՝ կյանքը, միևնույն է, կշարունակվի»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։