«Պարզ է, որ Ուորլիքն ինչ հայտարարել է՝ նորություն չէ: Եվ հիմա Էդվարդ Նալբանդյանի ասածը հենց այդ նույն մադրիդյանի շրջանակում է, եւ Ուորլիքի ասածից որեւէ բանով չի տարբերվում: Հայկական կողմը հենց դրան էլ համաձայնել է: Մեր իշխանությունները գործում են մադրիդյան սկզբունքների շրջանակում: «Ժառանգությունը» հայտարարել է, որ մեզ համար անընդունելի են մադրիդյան սկզբունքների գործընթացը »- Aravot.am-ի հետ զրույցում Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց՝ «Չմոռանանք Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, ուստի ազատագրված տարածքները միանշանակ վերադարձնելը մեր իշխանությունների մոտ ընդունելի է եղել: Իհարկե, կարծես թե հայկական կողմը վերապահում ունի միայն 2 շրջանի շուրջ, որ չի ցանկանում վերադարձնել՝ Քելբաջարը եւ Լաչինը: ՀՀ իշխանություններն իրենց այդ քաղաքականությունն իրականացնում են՝ ելնելով իշխանությունը պահպանելու խնդրից: Պարզ է, որ 2008-ի այդ խայտառակ վիճակը, 10 զոհերի առկայությունը իրենք փակեցին մադրիդյան սկզբունքների գնով եւ հայ-թուրքական արձանագրությունով: 2012-2013 խայտառակ ընտրությունները փակեցին Եվրոասոցացման խոստումով, որպեսզի ընտրությունների գնահատականները մեղմեն: Իհարկե, ասոցացումով խաբեցին, բայց հայ-թուրքական արձանագրություններն ու մադրիդյան սկզբունքները չէին կարող շրջանցվել, որովհետեւ արդեն ստորագրել էին փաստաթուղթը:
Մանրամասնները «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում