«Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «փոշմանել» ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով, Հայաստանում ոչ մի լուրջ ցույց չեղավ։ Հիմա, երբ նույն հարցով Վիկտոր Յանուկովիչն է «փոշմանել», Ուկրաինայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ Ճիշտ է, դրան հակադիր Մաքսայինի կողմնակիցները պակաս մարդաշատ ցույցեր են անում՝ առաջ քաշելով ավանդական «ծանրակշիռ» փաստարկը՝ Եվրոպան միասեռականության բուն է։ Այդ «սպանիչ» փաստարկի կրկնությունը ողջ հետխորհրդային տարածքում թույլ է տալիս եզրակացնելու, որ ձերագիրն այստեղ նույնն է։
Եվ այսպես, «փոշմանելու» դեմ Հայաստանում հրապարակավ ընդվզել է միայն Շանթ Հարությունյանը՝ իմ կարծիքով, ճիշտ բովանդակությամբ, բայց սխալ մեթոդով։ Պարույր Հայրիկյանի կողմից կազմակերպվելիք ցույց եթե կայանա, ապա չեմ կասկածում, որ կմնա օրինականության սահմաններում, բայց ո՞վ է կասկածում, որ այդ հանրահավաքին կմասնակցի լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ։ Ինչո՞վ է բացատրվում նման վիճակը։ Նախևառաջ, իհարկե, նրանով, որ մեր բնակչության մեծամասնությունն իսկապես նախընտրում է Ռուսաստանի «էն սհաթը»՝ մասամբ խորհրդային կարոտախտի, մասամբ տեղեկատվության պակասի պատճառով։
Բայց կա նաև այլ կարևոր պատճառ։ Ուկրաինայի ընդդիմությունը, որը կազմակերպում է այդ ցույցերը, ղեկավարվում է որոշակի արժեքային համակարգով, և հենց դրա համար է ընդվզում այն միության դեմ, որտեղ հավաքվել են Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի երկրները։ Մեր քաղաքական ուժերի մեծ մասը (իհարկե, ՀՀԿ-ն այդ թվում) որևէ արժեքային համակարգով չեն առաջնորդվում, որևէ գաղափարախոսություն չունեն։ Դրանք առաջնորդվում են, այսպես ասած, «պրագմատիկ հաշվարկներով»։
Սակայն այդ հաշվարկները վերաբերումեն ոչ թե մեր պետությանը, այլ իրենց՝ կուսակցությունների մարտավարությանը և աթոռակռվին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։