«Այսօր Հայաստանում «հանդուրժողականությունը» գրեթե հայհոյական բառ է դարձել։ Քաղաքական գործիչները և քաղաքականացված զանգվածը հենց որ այդ բառը լսում են (անկախ նրանից, թե ինչին կամ ում է այն վերաբերում սկսում են բացականչել՝ բա ինչպե՞ս կարելի Է հանդուրժել այն իշխանություններին, որոնք… Ազգային գործիչները, «ֆունդամենտալիստ» հոգևորականները և նրանց կողմնակիցները նույնպես այդ բառի մեջ սարսափելի «կրիմինալ» են տեսնում, դարձյալ անկախ քննարկվող թեմայից՝ նրանք «հանդուրժողականության» տակ հասկանում են միասեռականության և աղանդավորության նկատմամբ բարյացակամ վերաբերմունք։
Դե, իշխանությունն էլ, թեև այդ թեմայով առանձնպես չի խոսում, սակայն գործում են չափազանց անհանդուրժող, օրինակ՝ աշխատանքից հանելով ինքնուրույն տեսակետ ունեցող ռեժիսորին։ Հանրապետականները սպառնալիքներ և լուտանքներ են արտաբերում Զարուհի Փոստանջյանի հասցեին այն պատճառով, որ իրենց դուր չեն գալիս այղ պատգամավորի հայացքները։ Իսկ ստեղծագործական միության ղեկավարը պարզապես արհամարհում է իրենից տարբերվող ցանկացած տեսակետ՝ միանգամայն բավարար համարելով, որ իր մեջքին կանգնած է երկրի առաջին դեմքը։ Մի խոսքով՝ հանդուրժողականության հարցում ոչ մեկս չի փայլում։
Նախ՝ եկեք հասկանանք, որ հանդուրժողականությունը ինչ-որ մի վտանգավոր վարակ չի, որը եվրոպացիները, Արևմուտքը դավադրաբար ցանկանում են մեզ ներարկել։ էրազմից, Մոնտենից, Վոլտերից առաջ այդ մշակույթը հատուկ էր մեզ՝ հայերիս։ Մեր Առաքելական եկեղեցին, որը դարեր շարունակ կենտրոնացնում էր հայերի մտավոր, մշակութային ներուժը, չունի հավատաքննության ինստիտուտ։ Որքան գիտեմ, այլախոհներին կամ նրանց գրքերը կրակի վրա այրելու, «բարոյականության նորմերը խախտածներին» քարկոծելու ավանդույթները մեզանում առանձնապես տարածված չէին, կնոջը ստրկացած վիճակում պահելը նույնպես հատուկ չէ մեր ժողովրդին։ Այնպես որ՝ հանդուրժողականությունը մեր մշակույթին ներքուստ հատուկ երևույթ է՝ այն պետք չէ որևէ տեղից ներմուծել։
Հանդուրժելիի և ոչ հանդուրժելիի սահմանը, իհարկե, որոշ չափով սուբյեկտիվ է և կախված է մարդու դաստիարակությունից, ճաշակից, մտավոր մակարդակից։ Ասում եմ՝ «որոշ» չափով, որովհետև առարկայական մի սահմանագիծ, այնուամենայնիվ, գոյություն ունի՝ դա տվյալ պետության օրենքն է։ Քաղաքացիները չպիտի հանդուրժեն օրենքի որևէ խախտում՝ այնինչ մեզ նման երկրներում իրավախախտումներին «ըմբռնումով» են մոտենում՝ համարելով դրանք «աչքաբացության», «շուստրիության» դրսևորում։
Եվ հակառակը, հաճախ մենք ինչ-որ խնդիր ենք հորինում, համարում ենք այն մեր դեմ համաշխարհային դավադրության մի մասը և դրա դեմ ազգային-ազատագրական պայքար ենք մղում։ Չարաբաստիկ «զենդերը» դրանց շարքից է։