«Առավոտի» խմբագրականը գրում է.«Քաղաքական ցնցումների համար առայժմ չեն երևում ոչ ներքին, ոչ էլ (ինչն, իհարկե, շատ ավելի կարևոր է) արտաքին ազդակներ։ Ներկայիս իշխանությունը միանգամայն ընդունելի է թե Ռուսաստանի և թե Արևմուտքի համար։ Ի դեպ, չեմ կարծում, որ ԵՄ-ում ցնցված են Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3–ի հայտարարությունից՝ տրամաբանական է ենթադրել, որ մինչ այդ ԵՄ-ն և Ռուսաստանը մեր խնդրի շուրջ բանակցել են։ Ներքին դժգոհություն, ինչպես միշտ, իհարկե, կա, բայց չի երևում, թե ինչպես է այն հասնելու կրիտիկական զանգվածի։ Հասցնող չկա։
Ընդդիմադիր կուսակցությունների կամ խմբերի բարձր ձայնը մենք հաջորդ անգամ կլսենք մոտավորապես 2017 թվականի հունվարին։ Այդժամ ընդդիմադիրները կհայտարարեն, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները իշխանությունները կեղծելու են (ինչն, իհարկե, միանգամայն համապատասխանելու է իրականությանը), բայց «այս անգամ ժողովուրդը թույլ չի տա…» (ինչը նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ)։ 3,5 տարիների ընթացքում ընդդիմությունը զուտ ձևականորեն ասելու է, որ նախագահը պետք է անհապաղ հրաժարական տա, այս իշխանությունը օր առաջ հեռանա, որովհետև աղետ է այս երկրի համար և այլն։ Բայց այստեղ, համաձայներ, ոչ մի «կրեատիվ» չկա, որովհետև 1992 թվականի ամառվանից մինչ օրս բոլոր ընդդիմությունները դա են ասում։ Քննադատությունը իշխանությունների հասցեին ձևով շատ խիստ է, վիրավորական, խարազանող, շշպռող, բովանդակությամբ ավելի մեղմ է, բան լրատվամիջոցների մեծ մասում տեղ գտած հրապարակումները։
Ի՞նչ է, ուրեմն, պետք անել 3,5 տարվա ընթացքում։ Սպասել, որ Պուտինը կամ Օբաման մեր իշխանությունների վրա ջղայնանա՞ն։ Ես կարող եմ խոսել միայն նրանց մասին, ովքեր իրենց զբաղմունքի, մասնագիտության բերումով կոչված են գիտելիքներ ձեռք բերել և փոխանցել։
Այդ մարդկանց առաքելությունն է կրթել, դաստիարակել համաքաղաքացիներին, բացատրել, որ մենք միայնակ չենք ժամանակի և տարածության մեջ, այսինքն՝ որ միայն մենք չէ, որ կանք պատմության մեջ և մոլորակի վրա, որ ուրիշ ազգեր և ուրիշ պետություններ մեզ նման ունեցել են հաջողություններ ու տապալումներ, և մենք պիտի օգտագործենք թե իրենց և թե մեր սեփական փորձը։ Լճացումը հենց նրա համար է, որ կարողանաս այդ ամենը իմաստավորել։ Այղ դեպքում գուցե 3,5 տարի հետո մենք կունենանք այլ քաղաքացիներ, որոնք ի վիճակի կլինեն դուրս հանել երկիրը մշտական տեղապտույտից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: