Պատգամավորները նախագահի նստավայրից գաղտնի հեռացան
Երեկ, օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի ունեցան ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունենրի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կոնսուլտացիաները: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել էին, որ մերժում են նախագահի հետ հանդիպման առաջարկը: Ըստ Սահմանադրության, նոր վարչապետին հնարավոր թեկնածուի ընտրության շուրջ նախագահը պետք է քաղաքական խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական ուժերի հետ: Սակայն, ինչպես հայտնի դարձավ երեկ, հանդիպումների ժամանակ վարչապետի հարց չի քննարկվել: Համենայնդեպս, միայն yerkir.am-ին տված հարցազրույցում այդպես էր ասել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դաշնակցական պատգամավորները նախագահական նստավայր էին մտել հավանաբար ետնամուտքով, որովհետեւ կենտրոնական մուտքի մոտ հավաքված լրագրողները չեն տեսել նրանց ներս մտնելը: Ավելի ուշ, նախագահական նստավայրի կենտրոնական մուտքից նախագահի հետ հանդիպման գնացին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Ստեփան Մարգարյանը: Նրանք խորհրդարանի շենքից զրուցելով եկան մինչեւ նախագահական նստավայր: Լրագրողների հարցերին՝ կոնկրետ պահանջներ ունե՞ք նախագահից, պատգամավորներն ասացին, որ ամեն ինչի մասին կխոսեն ավելի ուշ: ԲՀԿ-ականները, սակայն, հանդիպումից հետո, հետեւեցին ՀՅԴ-ի օրինակին` նախագահի նստավայրից հեռացան ետնամուտքով եւ այդպես էլ չպատասխանեցին լրագրողների հարցերին: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի մեքենան նախագահական նստավայրի դիմացի մայթին էր կանգնած, հավանաբար արդեն հանդիպման ավարտին, այն շարժվեց նախագահական նստավայրի ետնամուտք, ավելի ուշ`այդ ուղղությամբ էլ հեռացավ: Խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահի հետ հանդիպմանը եկել էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն, ի տարբերություն իր պատգամավորների, նախագահական նստավայր էր մտել ետնամուտքով:
Արդեն երեկոյան` 18.00-ին, տեղի ունեցավ նախագահի եւ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Չնայած լրագրողներին տված նախնական խոստումին` հանդիպումից հետո հարցերին պատասխանել, ՕԵԿ-ական պատգամավորները եվս ետնամուտքով հեռացան:
Գրում է «Առավոտ» օրաթերթը