Ասում են՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու դնում հարցը։ Եթե, օրինակ, հարցնում ես՝ «դու ուզո՞ւմ ես, որ քո աշխատավարձը լինի 10 հազար եվրո», ապա հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կպատասխանի՝ այո։ Իսկ եթե հարցնես՝ «դու ուզո՞ւմ ես, որ ռուսն այստեղից քաշի իր ոտքը. և թուրքը գրավի Հայաստանն ու Ղարաբաղը», բոլոր հայաստանցիները կպատասխանեն՝ ոչ։ Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ առաջին «այո»-ն ինքնին նշանակում է աջակցություն ԵՄ-ին, իսկ երկրորդ «ոչ» ասողները մեխանիկորեն աջակցում են ՄՄ-ին։ Իհարկե, ես փոքր-ինչ չափազանցում եմ սոցիոլոգիական «հնարքները», բայց երբեմն ցանկալի արդյունք ստանալու մեխանիզմը մոտավորապես այդպիսին է։
Զուտ աչքաչափով, առանց հարցումների՝ Հայաստանում Մաքսային միության կողմնակիցները գերակշռող մեծամասնություն են կազմում։ Դա չի նշանակում, որ այդ մեծամասնությունը միշտ ճիշտ է։ Նրանք, ովքեր հասկանում են, որ մեծամասնությունը սխալ է, չպիտի փորձեն հաճոյանալ նրան, չպիտի վախենան գնալ հոսանքին դեմ։ Դժբախտաբար, ոչ միայն իշխանությանը, որն ընտրել է այդ սխալ ճանապարհը, այլև ընդդիմության մեծ մասը, ըստ էության, միացել է Մաքսայինի քարոզչությանը։ Իհարկե, այստեղ կան զուտ քաղաքական հաշվարկներ, բայց նաև՝ մեծամասնությանը դեմ չգնալու ցանկություն։
Նույնը՝ ավելի մանր հարցերում։ Հայաստանցիների մեծ մասը չի ուզում իր ավտոմեքենան քշել օրենքով, և, բնականաբար, այդ մարդիկ դժգոհում են, երբ արագաչափերը և տեսախցիկները արձանագրում են իրենց խախտումները, որի հետևանքով նրանք տուգանքներ են մուծում։ Հասարակական և քաղաքական գործիչներն էլ, փոխանակ ասեն՝ «ժողովուրդ ջան, հարգեք երթևեկության կանոնները, մի գերազանցեք արագությունը, «շուստրիություն» մի արեք՝ խցկվելով այս կամ այն գիծը», այդ գործիչներն աշխատում են մտնել անկարգ վարորդների աչքը ասելով, որ արագաչափերը Սաշիկինն են ինչը, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը և դրանց դեմ պետք է պայքարել։
Կարելի է սոցիոլոգիական հարցում անցկացնել՝ ովքե՞ր են Հայաստանում ցանկանում մեքենա քշել՝ խախտելով օրենքները։ Ինձ թվում է՝ անկեղծ պատասխանի դեպքում այդպիսի քաղաքացիների տոկոսը շատ բարձր կլինի՝ այն մոտավորապես կհամապատասխանի Մաքսային միության կողմնակիցների տոկոսին»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։