«Այս օրերին մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկայի բժիշկներ բան ու գործը թողած հեռախոսավարի գործ են ստանձնել. զանգում են քաղաքացիներին ու հարցուփորձ անում, ասենք՝ «Ալո, Արմեն Պողոսյանի բնակարա՞ն եմ զանգահարել»։ Հետո, երբ բացասական պատասխան է լսվում, նորից հարց է հնչեցվում․ «Իսկ «այսինչ» հասցե՞ն է», հետևում է պատասխանը՝ «Այո, բայց ոչ թե Արմեն, այլ՝ Արեն Պողոսյան»։ Եվ նմանատիպ անուն-ազգանունների կամ հասցեների անճշտություններ բժիշկները հարյուրներով են հայտնաբերում։ Իսկ թե ինչո՞ւ են բժիշկները տվյալների ստուգողի դեր կատարում, որովհետև ղեկավարությունից հրահանգ կա՝ նախկինում հաշվառված բնակիչների տվյալները ստուգել, վերանայել և պոլիկլինիկաներում հաշվառվածների բազան թարմացնել։
Բանն այն է, որ տարիներ առաջ հավաքագրված և բուժհիմնարկների համակարգիչներում մուտքագրված տվյալներն ու բնակչության քանակը չեն համապատասխանում ոստիկանությունից վերջերս ստացված տվյալների հետ, իսկ եթե պոլիկլինիկաներում հաշվառվածների թիվը նվազի այս ճշգրտումների արդյունքում, բժիշկների աշխատավարձը կնվազի։ Բնակիչների թվաքանակից է կախված տվյալ պոլիկլինիկայի և բժիշկների ֆինանսավորումը, և հիմա պոլիկլինիկաներին անհրաժեշտ է հստակ թվաքանակ, որպեսզի եկող տարվա ֆինանսավորումն էլ հստակ լինի։
«Այնպիսի հիստերիկ արձագանքեր ենք լսում, ամոթից չգիտենք՝ ինչ ասենք։ Շատ բնակիչներ նույնիսկ չեն էլ ցանկանում իրենց տվյալներն ասել՝ պատճառաբանելով, թե չեն հավատում, որ պոլիկլինիկայից են իրենց զանգում։ Իսկ այցելություն այդքան մարդու տուն՝ անհնար է։ Եվ աշխատանքային ժամերին ենք զանգում, և ոչ աշխատանքային։ Ցուցակները բերում ենք տուն ու շարունակում նորից զանգել մարդկանց»,–բժիշկներից մեկի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։