«Ազատ Հարությունյանը երեկ զանգել էր ՀՀ կառավարաթյան թեժ գծի 52-70-00 հեռախոսահամարով և սպառնացել, որ ինքնասպանության կդիմի. սակայն, ինչպես Aravot.am–ին վստահեցրեց ազատամարտիկը, հեռախոսավարուհին ինքնասպանությամբ սպառնացողին հորդորել է՝ ինչ ուզում եք՝ արեք:
Ազատ Հարությունյանը երեկ «Առավոտ»-ի խմբագրություն էր զանգահարել անմիջապես այն բանից հետո, երբ նրան՝ հուսահատության շեմին կանգնած մարդուն, կառավարության թեժ գծից, այսպես ասած՝ դրդել էին իրականացնել մտադրությունը։ Մեր այն հարցին, թե ի՞նչն է ինքնասպանության դիմելու պատճառը, ազատամարտիկն ասաց. «Գազը թանկացրել են, չեմ կարում մուծեմ»։
Ազատ Հարությունյանի պատմելով՝ ընդամենը 25 հազար դրամ թոշակ է ստանում. «Աղջկաս, փեսուս ու 2 թոռներիս հետ եմ ապրում, սաղ իմ վզին են, ամսի 19-իննա, արդեն 40 հազարի գազ եմ վառել, հացի փող էլ չի մնացել»։ Մեր ճշտող հարցին՝ միայն գազի համա՞ր է ինքնասպանության միտքը ծագել, պարոն Հարությունյանն ասաց. «Մենակ դրա համար չէ, մեզ վաբշե ուշադրություն չեն դարձնում, մարդու տեղ չեն դնում։ Սաղի թոշակները բարձրացրին, մերը չէ, հունիս-հուլիսին, մենք մարդ չե՞նք»։ Այն հարցին թե փորձե՞լ է, որպես ազատամարտիկ, օգնության համար դիմել պաշտպանության նախարարություն, Ազատ Հարությունյանը վստահեցրեց, որ դիմել է և գումարային աջակցության էլ ստացել է, բայց այլևս չի ցանկանում այդ նախարարություն դիմել. «Խո՞ ամեն անգամ պարոն Օհանյանին չեմ դիմելու, վարչապետն ինչի՞ համար ա։ Զանգել եմ ասել ՝ գազի գինը գոնե կես գին սարքեք, որ կարենամ մուծեմ, ասեց՝ գնացեք մեռեք, քցվեք, ինչ ուզում եք արեք, մեզ պետք չեք։ Առաջին օրն էլ եմ զանգել ասել՝ ես մոստից քցվելու եմ, ասեց՝ գնացեք՝ ուզում եք քցվեք, ինչ ուզում եք՝ արեք։ Ըտենց են արդեն մեզ պատասխանամ, հա՞, էտ էլ իրանց թեժ գիծը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։