տուն Հասարակություն Առաջնագծում չպետք է լինեն անփորձ նորակոչիկներ. Ալեն Սիմոնյան

Առաջնագծում չպետք է լինեն անփորձ նորակոչիկներ. Ալեն Սիմոնյան

340
0

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ խորհրդարանում կայացած ճեպազրույցի շրջանակում անդրադարձավ իր գործընկեր, իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ իբրև այլընտրանքային զինծառայություն՝ զորակոչից խուսափած քաղաքացիների համար, պատգամավորն առաջարկում է կազմակերպել արագացված՝ մեկամսյա ծառայություն՝ սահմանելով նաև 10 մլն ՀՀ դրամ վճար պետության գանձարան:

«Գաղտնիք չէ, որ Հայկ Սարգսյանը չի քննարկել մեզ հետ այդ առաջարկությունը՝ սկզբում այն ներկայացնելով հանրությանը: Ես ողջունում եմ այդ քայլը, որովհետև նախևառաջ պետք է հասկանանք հանրության տրամադրվածությունը»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Միաժամանակ նա չժխտեց, որ գործընկերոջ ներկայացրած նախաձեռնությունում կան որոշ ռիսկեր, մասնավորապես՝ սոցիալական անհավասարության համատեքստում:

«Իհարկե, հիշում ենք իրավիճակներ, երբ այսպես ասած՝ հարուստների երեխաները կարողացել են խուսափել զինվորական ծառայությունից, որոշներն այդ պատճառով լքել են Հայաստանը: Բայց եկեք համաձայնենք նաև, որ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկան նորակոչիկներ, անփորձ մարդիկ, և որ ավելի նախընտրելի է ունենալ արհեստավարժ բանակ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: