տուն Հասարակություն Կրթություն Առաջնագծում նաև ուսուցիչներն են. դպրոցների տնօրենները՝ հեռավար ուսուցման մասին

Առաջնագծում նաև ուսուցիչներն են. դպրոցների տնօրենները՝ հեռավար ուսուցման մասին

701
0

ՀՀ-ում, արտակարգ դրության պայմաններում, բուհերն ու դպրոցները հեռավար ուսուցման են անցել:

Պարզելու համար, թե արդյոք բոլոր աշակերտներն են կարողանում ինտեգրվել հեռավար դասերին, AraratNews.am-ը կապ է հաստատել գյուղական համայնքների դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ:

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բոլոր աշակերտները չեն, որ ունեն հեռավար դասերին մասնակցելու հնարավորություն, բայց աշակերտների 90 տոկոսից ավելին կարողանում են իրենց տեխնիկական միջոցներով մասնակցել հեռավար դասերին: Մնացած 10 տոկոսը՝ հարևանների, բարեկամների հետ կցված են մասնակցում հեռավար դասերին:

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոց

«Ընդհանուր առմամբ, մասնակցում են, բայց 10 տոկոսի մոտ կամ առկա են տեխնիկական խնդիրներ, կամ էլ ինտերնետ կապի խնդիրն է… Գիտեք՝ ես, այնուամենայնիվ, կողմ եմ կենդանի շփմանը, երբ որ դու զգում ես աշակերտի ներկայությունը, աշակերտը՝ քո ներկայությունը: Այստեղ այլ ֆորմատով է կրթությունն ընթանում, բայց ասել, որ հեռավար կրթությունը ոչինչ չի տալիս՝ չէ, այդպես չէ: Այսօր մեր ուսուցիչներից շատերը՝ հիմնականում տարեցները դժվարանում են, քանի որ թեմատիկ աշխատանքների կազմման և դրանք աշակերտներին հասանելի դարձնելու հետ կապված խնդիր ունեն: Ընդհանուր առմամբ, ասեմ որ, հումանիտար առարկաների պարագայում հեշտ է, իսկ ճշգրիտ առարկաների դեպքում՝ ուսուցիչների համար մի փոքր դժվար է: Թեև՝ հեռավար հարթակները, որոնք նախարարության կողմից ստեղծվեցին (բաց դասերը, յութուբյան կայքէջերը, պաշարների շտեմարանը), շատ-շատ են օգնում ուսուցիչներին՝ դասի թեմային համապատասխան նյութեր գտնելու և դասն ավելի հասանելի դարձնելու համար»,- ասաց Լիլիթ Պետրոսյանը:

Լիլիթ Պետրոսյանն ընդգծեց, որ ուսումնական գործընթացն ամենատարբեր հարթակներում է իրականացվում. Skype, Viber, Zoom, Messenger: Ուսումնական նյութերի հղումներն էլ ուղարկում են դասարանների համապատասխան խմբերին:

Լիլիթ Պետրոսյանն ընդգծեց, որ աշակերտի համար հեշտ է հեռավար ուսուցմամբ աշխատելը, ամենադժվարն ուսուցչի համար է: Վերջինս օրվա մեջ մի քանի անգամ կապ է հաստատում տարբեր խմբերի հետ:

Լիլիթ Պետրոսյանն ընդգեց, որ երախտապարտ է բոլոր ուսուցիչներին, որովհետև հանրապետության ուսուցիչների 90 տոկոսը չէին տիրապետում հեռավար ուսուցման գործընթացին, բայց բոլորն «անվազ լողորդի նման մտան ծովն ու փառք ու պատվով դուրս եկան այս աշխատանքից: Եվ առաջնագծում այս պահին ոչ միայն բժիշկներն են, այլ նաև ուսուցիչներն են: Ուսուցիչներն այդքան աշակերտների զբաղեցնում են. պատկերացրեք, որ դասերն անում են ծնողների հետ: Բոլորն, ովքեր այս պահին տանն են, զբաղված են համակարգչով. տանն են մնում ու չեն վարակվում»:

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արտուշ Հայրապետյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ գյուղում մի քանի ընտանիք կա, որ չունի համապատասխան տեխնիկական միջոցներ՝ հեռավար դասերին մասնակցելու համար: Նրանք հարևանների ու բարեկամների օգնությամբ մասնակցում են հեռավար դասերին:
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց

Արտուշ Հայրապետյանը ընդգծեց, որ գյուղի դպրոցի աշակերտների մեծ մասը մասնակցում է հեռավար դասերին:

«Սկզբում մտածում էի, թե չի ստացվի, բայց դժգոհ չեմ. Viber-ով էլ, Facebook-ով էլ ակտիվ խմբեր են ստեղծել ու առցանց աշխատում են: Մեզ էլ կառավարությունը երկու համակարգիչ ուղարկեց. մենք էլ չորս և ավելի աշակերտներ ունեցողներին տվեցինք: Այնպես որ՝ դրա համար շատ շնորհակալ եմ: Ես էլ մեր դպրոցի աշխատող նոթբուքներից ուսուցիչներին եմ տրամադրել, ովքեր տանը չունեն համակարգիչ՝ տրամադրել եմ, որ կարողանան դասերն անել: Ոնց որ թե նորմալ է. ինտեգրվել են բոլոր երեխեքը՝ համարյա բոլորը: Ասում եմ՝ մի երկու-երեք ընտանիք կլինի, որ շաբաթվա մեջ մի կամ երկու անգամ գնում են հարևանների ու բարեկամների տուն և սկսում են իրենց դասերը լրացնել»,- ասաց Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը:

Արտուշ Հայրապետյանը հավելեց, որ հեռավար ուսուցումն այնքանով է դրական, որ թույլ չի տալիս աշակերտի գիտելիքը նույն սանդղակի վրա մնա:

Օլյա Շահինյան