Արդեն տեղեկացրել ենք, որ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելում հասարակական ու պետական գործիչներ, երկրապահներ, ազատամարտիկներ ու տարբեր քաղաքացիներ:
Բարձրաստիճան այցելուների թվում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Օգտվելով պատեհությունից լրագրողները մի քանի հարց ուղղեցին նախարարին: Դիտարկմանը, թե Հոկտեմբերի 27-ի գործը ոճրագործությունից 20 տարի անց դեռ բացահայտված չէ, Դավիթ Տոնոյանն հակադարձեց.
«Ինչպե՞ս չի բացահայտվել. մարդիկ կան, դատապարտված են: Եթե դատաքննության ընթացքում ի հայտ գան նոր փաստեր, ուրեմն՝ կլինեն նաև նոր փոփոխություններ»,-նշեց ՊՆ ղեկավարը՝ մեկնաբանելով հասարակության մեծ ակնկալիքների մասին հարցադրումը: Նա վստահեցրեց, որ առաջին շահագրգռված անձն է, որ ցանկանում է բացահայտված տեսնել Հոկտեմբերի 27-ի գործը:
Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմի հարցերով հանձնաժողովի ստեղծման ու իր հնարավոր մասնակցության մասին հարցին և ասաց, որ եթե հրավիրեն, ինքն անպայման կմասնակցի հանձնաժողովի նիստին:
«Ես ուզում եմ, որ ամեն ինչ պարզվի: Որպեսզի վերջ դրվի ամեն տեսակի ասեկոսեներին»,-պարզաբանեց ռազմական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ դավադրություն հայկական կողմից բացառված է: Նա ասեկոսե համարեց նաև իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը: