ԱԺ-ում Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որի օրակարգում 2019 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հարցն է, զեկուցողը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է:
Ինչպես գիտենք, քաղավիացիան գտնվում է ՀՀ տարածքային կառավարման և ենքակառուցվածքների նախարարության ենթակայության տակ:
Նախարար Պապիկյանը, պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, խոսեց քաղավիացիայի մասին.
«2019 թվականը քաղավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ մենք հնարավորություն ստացանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքն ապահովել Հայաստանի Հանրապետություն և ՀՀ քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել դեպի աշխարհի տարբեր կողմեր, մասնավորապես՝ Եվրոպա»,- ասաց նախարարը:
Պաիկյանը նշեց, որ իրենք խնդիր ունեն քաղավիացիան դնել ամուր հիմքերի վրա.
«Ունենալու ենք տեղական փոխադրող, խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային, ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա, բայց խոսքը վերաբերում է ՀՀ իրական ավիափոխադրողներին, այլ ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված և արհեստական ձևավորված միավորումներին»:
Տեղական ավիացիա ձևավորելու առնչությամբ նախարարն ասաց, որ դա այնքան էլ շուտ լուծվող հարց չէ. «Այսինքն, եթե պատրաստակամությունը լինի նաև պետական նախաձեռնողականությանը զուգընթաց, բնականաբար, երկու տարում առկա խոչընդոտը վերացրած կլինենք: Իհարկե, մեղավորներ փնտրել միշտ էլ կարելի է, թե գնալ հասնել մինչև 90-ական, 2000-ական թվականներ, բայց խնդիրը գիտակցել, թե ինչ իրավիճակում ենք և առաջարկություն ներկայացնել, թե ինչպես ենք պատկերացնում ավիացիայի հետագա զարգացումը»,- ասաց նա և նշեց, որ ավիացիայի պետական կոմիտեն աշխատանքային փաթեթ ունի, որտեղ ցույց է տալիս ինչպես հաղթահարել խոչընդոտը: