Այսօր փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 18-ից դիմակ կրելը պարտադիր կլինի հանրային տրանսպորտում: Իսկ մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր կլինի թե փակ, թե բաց վայրերում:
Պարետի մյուս հայտարարությունը Հայաստան եկած քաղաքացիներին է վերաբերում, որոնց ուղարկելու են ինքնամեկուսացման այնտեղ, որտեղ նրանք ապրելու են:
Այս հայտարարությունները, սակայն, որոշ հարցեր են առաջացրել: Նախ` ինչո՞ւ պարետատունը հենց մայիսի 18-ից չի սահմանում բոլոր փակ տարածքներում կրել դիմակներ, ոչ թե այդ որոշումը կայացնել մայիսի 25-ին: Երկրորդ՝ ո՞վ է վերահսկելու եւ իմանալու, թե հանրային տրանսպորտի բոլոր ուղեւորները դիմակ կրե՞լ են, թե՞ ոչ:
Մյուս հարցը Հայաստան ժամանած քաղաքացիների մասին է: Ո՞վ է վերահսկելու՝ արտերկրից եկած քաղաքացին ինքնամեկուսացվե՞լ է, թե՞ չի կատարել պարետատան պահանջը, այլ օրինակ՝ զբոսնում է քաղաքում, չի պահում պարտադիր կանոնները: Կամ՝ միգուցե այլ երկրից Հայաստան ժամանածը պատրաստ է վճարովի թեստ հանձնել՝ միայն թե չինքնամեկուսանա:
Քանի որ Տիգրան Ավինյանի խոսնակից՝ Վահան Հունանյանից այս հարցերի պատասխանը բանավոր ստանալ չհաջողվեց, պարետատնից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր:
Հիշեցնենք՝ մայիսի 14-ից հունիսի 13-ը Հայաստանում երկարացվել է արտակարգ դրությունը, սակայն սահմանափակումները մեղմացել են: Մայիսի 18-ից ամբողջությամբ կաշխատի հանրային տրանսպորտը, կբացվեն նախակրթարանները, առեւտրի կենտրոնները: