տուն Հասարակություն Առաջարկ՝ կառավարությանը. փոխհատուցելով տրանսպորտի ծախսը՝ կխուսափենք մարդկային կուտակումներից

Առաջարկ՝ կառավարությանը. փոխհատուցելով տրանսպորտի ծախսը՝ կխուսափենք մարդկային կուտակումներից

418
0

Մայիսի 14-ին արտակարգ դրության ավարտից հետո հայտնի չէ, թե կառավարությունն ինչ նոր որոշում կընդունի, արդյոք կաշխատի հանրային տրանսպորտը եւ կյանքը նորից կաշխուժանա: Մայիսի 4-ին տնտեսական որոշ սահմանափակումներ հանվել են, բայց վարակվածների դեպքերը չեն նվազում:

Թեեւ կառավարությունը սոցիալական աջակցություն տրամադրել է սոցիալական տարբեր խավերի, բայց ակնհայտ է, որ դա բավարար չէ քաղաքացիների խնդիրները լուծելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ ԱԺ-ում ասաց, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը ճիշտ չէ, պետք է այդ գումարը ներարկել տնտեսության մեջ, այնպես անել, որ մարդիկ աշխատեն եւ լուծեն իրենց խնդիրները:

Արտակարգ դրության շարունակվելու կամ ընդհատվելու դեպքում վտանգ լինելու է: Քաղաքացիները չեն կարող առանց աշխատանքի հոգալ իրենց կարիքները, իսկ աշխատանքի գնալու համար էլ տրանսպորտ է պետք. տաքսիներով երթեւեկելու հնարավորություն բնակչության մեծ մասը չունի: Իսկ հանրային տրանսպորտի աշխատելու դեպքում էլ վարակվածները կավելանան: Երկու դեպքում էլ դժգոհությունների ալիք է բարձրանալու։

Արդյոք ճիշտ չի լինի, եթե ՀՀ կառավարությունը գործատուներին ֆինանսապես աջակցի, որպեսզի գործատուն անվտանգ փոխադրի իր ուղեւորներին, ինչպես այսօր անում է պետական սեկտորը՝ տրամադրում է ավտոբուսներ պետական աշխատողներին տեղափոխելու համար:

Տրանսպորտային ծախսերի սուբսիդավորման դեպքում կշահի մասնավոր սեկտորը, որտեղ օրավարձով աշխատողների թիվը մեծ է: Եթե քաղաքացիներն ունենան եկամտի աղբյուր, կառավարությունը ստիպված չի լինի մտածել սոցիալական աջակցություն տալու եւ այդ օգնությունը հասցեական դարձնելու մասին. խնդիր, որ մինչ այժմ չի լուծվել: Ստացվում է, որ աջակցության գումարների չնչին մասով կլուծվեն տրանսպորտային ծախսերը, տրանսպորտից կօգտվեն միայն այն մարդիկ, ովքեր պետք է հասնեն աշխատավայր, մնացածը կմնան տներում, եւ վարակի տարածումն ինչ-որ չափով կկանխվի, տնտեսությունն էլ շատ չի տուժի։

Հարց կծագի՝ իսկ աշխատավայրում ինչ անել, որ աշխատակիցները չվարակվեն: Պարետատունը լուծումն առաջարկել է. այն աշխատավայրում, որտեղ կորոնավիրուսով վարակակիրներ կլինեն, դադարեցնել տնտեսվարողի գործունեությունը: