ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, լրագրողների խնդրանքով, մեկնաբանեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցված մտքերը, մասնավորապես՝ քննադատությունը ՀՀ իշխանությունների հասցեին:
«Այսօր բոլորը պետք է մի կողմ դնենք, այսօր բոլորս պետք է լինենք միասնական: Միասնական չլինելու դեպքում մեր երկու անկախ պետությունները կանգնած են լինելու անդունդի եզրին, մեծ կորուստներ ենք ունենալու»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Նա հորդորեց մեծահոգի լինել և մոռանալ հին ու նոր վիրավորվածությունները, անձնականը դնել մի կողմ ու գիծ քաշել:
«Արցախի ճակատագրի հետ կապված խնդրի հարցում պետք է միասնական լինենք և ձգտենք մեր այդ անկախ պետության միջազգային ճանաչմանը»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին նաև, արդյոք ԲՀԿ առաջնորդը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:
«Ոչ, չեմ տեսել: Առանց տեսնելու ձեզնից չեմ պրծնում, ուր մնաց տեսնեմ»,- նշեց Ծառուկյանն ու հավելեց, որ Քոչարյանի մասին տեղեկությունները ստանում է բացառապես մամուլից: