տուն Հասարակություն Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը ազատվել է «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի...

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը ազատվել է «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից

158
0

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ Կարապետյանը դիմումը գրել է այս տարվա հունվար ամսին՝ այն ժամանակ, երբ  ինքը դեռ ազատության մեջ էր: Թե ինչ պատճառով, պաշտպանը չցանկացավ նրա փոխարեն պատասխանել, միայն նշեց, որ իր կարծիքով՝ Կարապետյանը դրանով նաեւ ցույց է տվել, որ գործի քննությանը խոչընդոտելու որեւէ նպատակ չունի:

Հիշեցնենք՝ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ, դատավոր Արմեն Դանիելյանի օրեր առաջ բավարարել էր եւ Լիանա Կարապետյանին կալանավորել էր:

Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանի հետ զրույցը սկզբնաղբյուրում: