Ինչպես հայտնի է, «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյան դեմ: Վերջինս նշում է, որ հնչած հայտարարությունը վնասել է իրենց գործարար համբավին, պատվին և արժանապատվությանը՝ հավելելով, որ իրենց կողմից ևս դատական նիստի ընթացքում կուցաբերվեն համապատասխան մոտեցումներ:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ասել է.
«Ջերմուկցիների հետ հանդիպման ընթացքում արված իմ հայտարարությունները վերաբերել են հանքարդյունաբերության մեջ կոռուպցիոն ռիսկերին ընդհանրապես։ Դատի տալու հնարավորություն և իրավունք ունի այն կազմակերպությունը, որն ինքն իրեն կասկածում է կոռուպցիոն ռիսկերի մեջ։ Եթե տվյալ հանդիպման հայտարարության տեքստը նայեք, ես պատասխանում եմ մի գրության, որտեղ հարցը տրված է հետևյալ կերպ՝ ինչո՞ւ են հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաներ տրամադրվում այն կազմակերպություններին, որոնք վնաս են տալիս։
Ես բանավոր կերպով պատասխանում եմ, որ նախկին իշխանության օրոք եղել են կոռուպցիայի դեպքեր՝ նկատի ունենալով գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը, մամուլում տեղեկատվությունը։ «Լիդիան Արմենիա» անուն չկա ընդհանրապես։ Բնականաբար, «Լիդիան Արմենիայի» նկատմամբ մեծ հարգանք չունեմ, որ հոգնակիով խոսեի։ Կասեի՝ «Լիդիան Արմենիա», բայց ես ասել եմ «իրենք»։ Նրանք ոչ մի հիմնավոր ապացույց չունեն, որ դա իրենց է վերաբերվում։ Եթե վերագրում են իրենց, դա իրենց իրավունքն է։ Իրենք պետք է ապացուցեն, որ նման ռիսկերի մեջ չեն։ Ես ապացուցելու բան չունեմ, ես խոսքս իրենց չեմ ուղղել»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը միաժամանակ տեղեկացրել է, որ ընկերության՝ իր դեմ երկրորդ դատական հայցի հայցադիմումն առայժմ չի ստացել։