ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի» գործով որպես վկա հարցաքննվել էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Որպես այդ պահին որոշակի աստիճան ունեցող ոստիկանության աշխատակից՝ որպես վկա հարցաքննվել է այդ գործով»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Աշոտ Կարապետյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահը կապված լինի «Մարտի 1»-ի գործի հետ, Դավթյանն ասաց․ «Քրեադատավարական լեզվով դրանք կոչվում են վարկածներ, այսպիսի վարկածներ միշտ առաջադրվում են և դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր գործողություններ կատարվում են։ Բայց Ձեր մատնանշած անձանց մասով ես չունեմ գեթ մեկ փաստական տվյալ, որի վերաբերյալ ես Ձեզ հետ անկեղծորեն կիսվեմ. և որը այդ վարկածի հաստատման օգտին կխոսի։ Ես հակված եմ բոլոր վարկածները ստուգելուն»։