«Գիտեք, ինձ մոտ միշտ ժպիտ են առաջացնում պարբերաբար մեր մեդիա դաշտի արձագանքները Հայաստանի արտաքին զարգացումների հետ կապված, մինչ այդ, երեք ու կես տարի ժպիտ էին առաջացնում տարաբնույթ վերլուծությունները եւ ձվի մեջ մազ գտնելու ցանկությունը՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների շրջանակներում միաժամանակ, նույն մեդիա դաշտը փորձում էր մեզ կռվացնել ԱՊՀ երկրների հետ, հիմա կարծես թե շեշտադրումը փոխվել է, բայց մոտեցումը մնացել է նույնը: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրինակ 3-4 տարիների ընթացքում, երբ որ Հայաստանը բանակցում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ, շատ մեծ թվով ռեպորտաժներ՝ վատ նյութեր, Հայաստանին քննադատական նյութեր են ուղղվել Եվրամիության ազդեցիկ եւ հեղինակավոր պարբերականներում, ու չգիտեք ինչու դա չի դարձել որոշ զլմների, կամ քաղաքական որոշ շրջանակների համար շահարկման թեմա, թե ահա Հայաստանին ԵՄ չեն թողնելու, ՀՀ-ին դեղին քարտ են ցույց տալիս եւ այլն»,- ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Մինսկում տեղի ունեցած զարգացումներից հետո ՀՀ-ն դարձյալ շրջվի դեպի ԵՄ եւ չմտնի Մաքսային միություն: Նա խոսել է նաեւ ռուսական Առաջին ալիքով ցուցադրված սենսացիոն տեսանյութի մասին եւ ասել. «Ակնհայտ է, որ այստեղ նույնպես շահարկման խնդիր կա, որ ինձ էլ է վրդովվեցրել: Կապ չունի, թե ով է եղել, կարող է զտարյուն ռուս լիներ, արձագանքը նույնը կլիներ, որովհետեւ նմանատիպ արտահայտությունները, մանավանդ ԼՂՀ կարգավորման հարցի հետ կապված ձեւակերպումները անընդունելի են հայ ականջի համար:
Մյուս կողմից, ըստ Աշոտյանի, եթե ինքը լիներ ՌԴ իշխանությունների փոխարեն եւ փորձեր ՀՀ իշխանությունների վերաբերմունքը հասկանար լրագրողների աշխատանքի շնորհիվ, ապա վստահաբար նստվածքները նույնը կլինեին: «Ակնհայտ է, որ եւ Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք մեդիա դաշտի միջոցով փորձում են հակառուսական տրամադրություններ սահմանել, ակնհայտ է, նաեւ որ ՌԴ մեդիա դաշտում կան արտահայտումներ, որոնք փորձում են ՌԴ եւ ՀՀ-ի միջեւ ստեղծել արհեստական էմոցիոնալ բնույթի խնդիրներ»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Ճշտե՞լ եք արդյոք` դա վրիպա՞կ է, թե ՌԴ իշխանությունների կողմից հրահանգված, լրագրողներից մեկի այս հարցին Ա. Աշոտյանը արձագանքել է. «Ես բացառում եմ, որ ռուսական մեդիա դաշտի այդ ձեւակերպումները լինեն ՌԴ իշխանությունների կողմից հրահանգվող, կամ սատարվող հայտարարություններ: Տարբեր ռուս հայտնի վերլուծաբաններ շատ ավելի սուր արտահայտություններ էին իրենց թույլ տալիս հնչեցնել, դա բացարձակապես կապ չունի ՌԴ իշխանությունների հետ»:
Այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ ԱԳ նախարարությունը իր դժգոհությունը չի արտահայտում եւ բողոքի նոտա չի հղում, որովհետեւ չի՞ ցանկանում վատացնել իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, Արմեն Աշոտյանը տվել է հետևյալ պատասխան. «Ինձ չի զարմացնելու, որ ՀՀ-ում գնալով ավելի ագրեսիվ ու սաստիկ են լսվելու հակառուսական, քաղաքական, հասարակական տրամադրություններ ունեցող մամուլի եւ քաղաքական ներկայացուցիչների ձայնը: Ես չեմ կարծում, որ այստեղ կա նաեւ խնդիր, իհարկե, եթե խոսում ենք ՀՀ-ում ազդեցությունների մասին, ակնհայտ է, որ ռուսաստանամետ ինչ-որ մի հատված, որ ՀՀ-ում գոյություն ունի, նա չի տիրապետում մեդիա ռեսուրսին, կամ քիչ է տիրապետում եւ չի ցանկանում ընթացիկ խաղ տալ եւ Հայաստանում, եւ չի ցանկանում այդ ռեսուրսը ի նպաստ դնել»:
Էմմա Պալյան