«2014թ. առաջին կիսամյակը բավական լարված էր: Լրագրողական հանրությունն այդ ընթացքում ստիպված է եղել բազմաթիվ մարտահրավերների դիմակայել: Եվ կարծում եմ, որ այդ մարտահրավերներից մեկը հենց եղավ մարտի 4-ին շրջանառության մեջ դրված Ֆեյքերի մասին օրինագիծը, որտեղ, փաստորեն, օրենքի հեղինակները փորձում էին անանուն կամ կեղծ անունով օգտատերերի վիրավորանքին համապատասխան պատիժներ սահմանել: Բայց դա, փաստորեն, արվում էր լրատվամիջոցների հաշվին, այդ պատճառով էլ լրագրողական հանրությունը դժգոհություն արտահայտեց»,- ասում է Խոսքի ազատության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ամփոփելով 2014թ. առաջին կիսամյակին Հայաստանում խոսքի ազատության վիճակը:
Օրինագծի քննարկումն, ըստ Մելիքյանի, անորոշ ժամանակով հետաձգվել է:
«Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու 5 դեպք»,-նշեց նա:
Դրանցից ամենահատկանշականը լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ Ոստիկանության կենտրոնականի բաժնի պետ Արտակ Պողոսյանի քայլն է: Հիշեցնենք, որ Արտակ Պողոսյանը Ոստիկանության կենտրոնականի բաժին բերման ենթարկված Անի Գևորգյանին ապտակել էր ու ձեռքից վերցրել հեռախոսը, որով լրագրողն իր գործընկերներին պատմում էր իրականությունը:
«Խոսքի ազատությունը ալիքաձև ոլորտ է, այսինքն` ունի և վերելքներ և վայրէջքներ: «Freedom house»-ի 2014թ. հրապարակած զեկույցի տվյալներով` աշխարհում խոսքի ազատության վիճակը վատթարացել է,- ասում է Աշոտ Մելիքյանը: