ՀՀ-ում, արտակարգ դրության պայմաններում, բուհերն ու դպրոցները հեռավար ուսուցման են անցել:
Պարզելու համար, թե արդյոք բոլոր աշակերտներն են կարողանում ինտեգրվել հեռավար դասերին, AraratNews.am-ը կապ է հաստատել քաղաքային և գյուղական համայնքների դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ:
Արմավիրի մարզի Այգեվան գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցում հեռավար ուսուցումը տարբեր վիրտուալ հարթակներում է իրականացվում: Հիմնականում «Viber» սոցիալական ցանցում ուսուցիչներից յուրաքանչյուրն իր առարկայի համար առանձին խումբ ունի, որտեղ էլ տեղադրվում են տնային առաջադրանքները: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները նաև աշխատում են «ZOOM» ծրագրով, որն ավելի արագ ինտերնետային կապի առկայություն է ենթադրում:
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Կարեն Մովսիսյանը նշեց, որ դպրոցի ոչ բոլոր աշակերտներն են կարողանում լիարժեքորեն մասնակցել հեռավար դասերին:
«Ինտերնետային կապը ոչ բոլորի մոտ է նորմալ, բայց կարողանում ենք աշակերտներից յուրաքանչյուրի համար ուսումնական գործընթացը հասանելի դարձնել»,- ասաց Այգեվան գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տնօրենը:
Կարեն Մովսիսյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, գյուղում 13 ընտանիք կա, որոնց երխաները (մոտ 30 աշակերտ) չունեն համապատասխան տեխնիկական հնարավորությունները, որպեսզի ամբողջովին ինտեգրվեն հեռավար ուսուցման գործընթացին: Նրանց մեծ մասն, արդեն, հեռախոսազանգի միջոցով տեղեկանում է տնային հանձնարարությունների մասին: Շատ փոքր տոկոսն է (մոտ 1-2 աշակերտ), որ տեխնիկական միջոցները վերցնում է հարևաններից ու բարեկամներից կամ էլ օգտվում է նրանց ինտերնետային կապից:
Արմավիրի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դպրոցի աշակերտների մոտ 90-92 տոկոսը մասնակցում է հեռավար դասերին: Մյուս աշակերտները տնային հանձնարարությունները հեռախոսազանգի միջոցով են իմանում:
Միևնույն ժամանակ տնօրենը նկատեց, որ աշակերտը պետք է անձամբ մասնակցի հեռավար դասերին, որպեսզի հասկանա ուսումնական նյութը:
Դպրոցի աշակերտների շատ չնչին տոկոսն է (1-5 աշակերտ) օգտվում հարևանների կամ բարեկամների ինտերնետային կապից կամ տեխնիկական միջոցներից:
«Երեկ չէ առաջին օրը դպրոցին մարզպետարանից մեկ պլանշետ տրամադրեցին»,-ասաց տնօրենը՝ ընդգծելով, որ դա այն ընտանիքին են տվել, որտեղից դպրոցը վեց աշակերտ ունի:
Օլյա Շահինյան