ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ- ում իր ելույթը խրատական տոնով սկսելով ասաց.
«20-22 տարի առաջ, երբ խոսափողին էր մոտենում Ռաֆայել Իշխանյանը, մենք ասում էինք հայոց լեզվի դասը սկսվեց: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի օգտագործեք «գտնում եմ» բառակապակցությունը, ճիշտը «կարծում եմ»-ն է, «ըստ ինձ» արտաայտություն չկա, կա «ըստ իս», շատ եք կիրառում «բացարձակ սխալ է», սա սխալ արտահայտություն է, շատ է կիրառվում «գրանցվել են 108 պատգամավորներ», հոգնակին սխալ է կիրառել, ասում եք «հույսով եմ», պիտի ասեք «հուսով եմ»: Ես կարծում եմ` դուք էլ եք համամիտ, որ լեզվի անաղարտությունը մեր երկրի անվտանգության մասն է: Այս նախագիծը պետք է դիտարկել որպես ամբողջ կրթական համակարգի մաս»:
Խոսելով նոր օրինագծի մասին՝ Մանուկյանն ասաց. «Մեր ԲՈՒՀ-ը ավարտողների թվի ընդամենը 5%-ն է աշխատանք գտնում: Պետությունը պատասխանատու է կրթության այս վիճակի համար: Սա խայտառակ վիճակ է: 25 ԲՈՒՀ է փակվել: Այս կրթական համակարգն ազատ մրցակցություն թույլ չի տալիս: 414 դպրոց Հայաստանում ունեն 100-ից պակաս աշակերտ: Սա դեմոգրաֆիկ ողբերգություն է: Աշակերտ չկա: Ուսուցիչների քանակը 62.000-ից 10 տարվա մեջ 40.000 է դարձել: Հարկավոր է խիստ խնամել են երեխաներին, ովքեր քոլեջ են գալիս: Մեր վերաբերմունքը ոչնչացնում է միջին մասնագիտականին: Ես գալիս եմ օրենքի վերջին մտքին: Հարկավոր է պահպանել քոլեջից ԲՈՒՀ ընդունվելու խողովակը»: